Բավ է պառակտվել
24-04-2015 13:40

1-ին աշխարհամարտին 30 մլն մարդ է զոհվել, մինչդեռ միայն զոհված հայերի մասին են խոսում. Էրդողան

Ստամբուլում մեկնարկած «Խաղաղության գագաթնաժողովի» բացման ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Դարդանելի (Գալիպոլի) ճակատամարտի 100-ամյա տոնակատարությունների, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, Իրաքից և Սիրիայից Թուրքիայի սահմանն անցած փախստականների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ։ Այս մասին գրում է թուրքական «Հաբերլեր» կայքը։

«Հե´յ, ԵՄ, 12 տարի վարչապետ եմ եղել։ Բազմիցս նշել ենք, որ միջազգային հանրության համար մեր արխիվները բաց են։ Այժմ նույնը կրկնում եմ, թող հայերն էլ բացեն, եթե կան երրորդ երկրներ, թող նրանք էլ բացեն։ Դեռ ավելին, մենք պատրաստ ենք բացել մեր ռազմական արխիվները։ Մենք այս հարցում անհանգստանալու ոչինչ չունենք։ Վստահ ենք, որ մեր պապերը կոտորած չեն իրականացրել։

Այսօր Թուրքիայում 80 հազար հայ է ապրում, և նրանց կեսը մեր քաղաքացիներն են։ Թող Հայկական սփյուռքը նրանց հարցնի՝ արդյո՞ք նրանք մեր երկրում բռնության են ենթարկվում։ Մենք միասին՝ կողք-կողքի ապրում ենք համերաշխության պայմաններում։ Մենք վերանորոգել ենք Վանի Աղթամար կղզու հայկական եկեղեցին և այնտեղ ամեն տարի պատարագ է մատուցվում։

Թուրքիան բարեկամության ձեռք է մեկնել Հայաստանին, որն օդում է մնացել։ Հենց նրանք պատրաստ չեն պատասխանել բարեկամության մեր կոչերին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 30 միլիոն մարդ կորցրել է իր կյանքը, և այսօր միայն զոհված հայերի մասին են խոսում։ Սա աչառու մոտեցում է, և մեզ համար անընդունելի է Թուրքիայի դեմ այս արշավը։ Պատերազմի տարիներին մարդիկ փախել են Անատոլիայից, որտեղ մարտական գործողություններ են ընթացել, և այդ ճանապարհին նրանք սարսափելի տանջանքներ են կրել։ Մենք գիտենք այդ մասին, համապատասխան փաստաթղթերը կան մեր արխիվներում։ Եվ այն թվերը, որոնք շրջանառվում են հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը», – ասել է Էրդողանը։