Բավ է պառակտվել
30-07-2016 14:49

ՀՀ փոխոստիկանապետն առաջարկեց լրագրողներին «վերլուծել» նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները

 

Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում գտնվող լրագրողներին առաջարկեց «վերլուծել» նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները։

Առավոտյան «Ազատություն» ռ/կ–ի թղթակիցը փորձել է գիշերային իրադարձությունների մասին մեկնաբանություն ստանալ տարածքում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանից:

Այն հարցին` «ի՞նչ կարող եք ասել գիշերային իրադարձությունների հետ կապված` բռնություններ կիրառվեցին լրագրողների դեմ», Երանոսյանը արձագանքեց` «ես չգիտեմ, ես չգիտեմ»:

«Ազատության» դիտարկմանը` «բայց կարծես թե Ձեր հրամանով սկսվեց ամեն ինչ», փոխոստիկանապետը նախ ասաց` «ի՜, ամոթ է», հետո պատասխանեց. - «Մի հատ անալիզ արեք»:

Երևանի ՊՊԾ գնդի գրավված շեմքի մոտ նախօրեին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: Վերջին տվյալներով, տարբեր մարմնական վնասվածքներով Երևանի հինգ բժշկական հաստատություններ է տեղափոխվել կամ դիմել 73 տուժած (բեկորային վիրավորումներ, այրվածքներ, սալջարդեր)։