Բավ է պառակտվել
14-06-2014 15:53

Էլեկտրաէներգիայի թանկացմամբ Հայաստանը կդատարկվի

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշել է, որ Հայաստանում կան շատ խնդիրներ, որոնք լուծելու համար անընդհատ պետք է տուժի սպառողը:
՛՛Ով ինչ պրոբլեմ ունենում է, դիմում է հանրային ծառայությունների մարմին, առանց որևէ մանրակրկիտ աուդիտորական ուսումնասիրություններ անցկացնելու, սկսում են բարձրացնել գինը՛՛,- ասաց նա և հիշեցրեց, որ ընդամենը 8 ամիս առաջ էր էլեկտրաէներգիան թանկացել 30 տոկոսով:

Ըստ Հակոբյանի, սպառողներին, տեղական արտադրողներին կանգնեցնում են խնդրի առաջ, ջուր են լցնում ներկրողների ջրաղացին.
՛՛Ծանր վիճակում գտնվող տեղական արտադրողները կրկնակի ծանր վիճակում կհայտնվեն, նրանց դրդում են փակվել կամ իրենց արտադրանքի գինը բարձրացնել՛՛:

Իսկ ըստ Երևանի սպառողների շահերի պաշտպանության ասոցացիայի փոխնախագահ Մկրտիչ Դավթյանի, էլեկտրաէներգիայի թանկացումը Հայաստանը դատարկելու ևս մեկ քայլ է.
՛՛Թանկացումից հետո ամենամեծ արտահոսքն է լինելու՛՛,-կարծիք հայտնեց նա և հավելեց, թե այն պատճառաբանությունները, որոնք բերվում են պատկան մարմինների կողմից, թե ինչու է էլեկտրաէներգիան թանկացնում, զարմանալի են:

Սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանն էլ ասաց, որ պետք է ազգովի ոտքի կանգնել ու թույլ չտալ բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը, այլապես անընդհատ թանկացումներ կլինեն:

Հիշեցնենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ 3.8-4.3 դրամով ⁄բնակչություն համար էլեկտրաէներգիայի գործող սակագինը նախորդ տարվա հուլիսի 7-ից կազմում է 38 դրամ՝ 1 կՎտ/Ժ-ի համար⁄: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ սակագնի բարձրացումն անխուսափելի է, այլապես «Հայկական էլեկտրացանցերը» կարող են հայտնվել ծայրահեղ ծանր ֆինանսական պայմաններում, քանի որ պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ: