Բավ է պառակտվել
01-07-2014 15:42

Մարդիկ շարունակում են պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Այսօր կրկին թեժ պայքար էր ընթանում Սարյան 22 հասցեում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց: Մարդիկ ընդվզում են ու պայքարում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Հանձնաժողովի դահլիճում գտնված մարդիկ լրագրողների հետ զրույցում փաստեցին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, բավականին շատ տեղ կա, ուստի ակտիվիստները և քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել նիստին:

«Ներսում լիքը տեղ կա, այնպես որ պատճառաբանությունը, թե մենք չենք կարող մի քանի հոգով մտնել, քանի որ տեղ չկա՝ սուտ է»,- հայտարարեցին նրանք:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցել է ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի նորից երկու մարդ ընտրվի ու մտնի նիստերի դահլիճ: Նշենք, որ նախապես Օսիպյանը նշեց, որ 10 հոգի կարող է ներկայանալ նիստնի, այնուհետև այս 10 դարձավ 8, հետո՝ 2:

Նշենք, որ ակտիվիստներից բացի՝ ակցիային մասնակցում են «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Զարուհի Փաստանջյանը, «Օրինաց երկիր» կուսակցությունից Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ-ից ՝ Վլադիմիր Կարապետյանն ու Լևոն Զուրաբյանը: