Բավ է պառակտվել
04-06-2014 16:34

Նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

Կայքւոմ նշվում է նաև, որ կարևորելով էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր շահագրգիռ անձի ուսումնասիրելու հանձնաժողովի կողմից կատարված հաշվարկները և դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, հանդես գալ բանավոր կամ գրավոր առաջարկություններով, հանձնաժողովը տեղեկացնում է որ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն զանգահարել 528590 (ներքին՝ 332) հեռախոսահամարով և հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուի հետ պայմանավորվել հանդիպման կազմակերպման վերաբերյալ: