Բավ է պառակտվել
09-06-2015 15:32

Էլեկտրաէներգիան կթանկանա 6, 93 դրամով. վարչապետ

Հովիկ Աբրահամյանը տեղյակ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական եզրակացության է եկել, որ էլեկտրաէներգիան կթանկանա, բայց ոչ թե 17 դրամով, այլ 7: Ավելին՝ վարչապետն ուղղեց, ոչ թե 7 դրամով կթանկանա, այլ՝ 6, 93: «Հիմա հաշվարկում ենք, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, բնակչության վրա: Փորձելու ենք նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը: Ըստ նրա՝ այս պահին համապատասխան նախարարությունների կողմից հաշվարկ է արվում: «Ուղղակի թող հանձնաժողովը հաստատի, մենք հետևանքների մասին բարձրաձայն խոսելու ենք: ԱԺ-ում հունիսի 12-ին լսումեր են լինելու, նախարարությունները կներկայանան և բացատրություն կտան հանրությանը, մենք էլ լինելու ենք շատ թափանցիկ, շատ բաց, որպեսզի հանրությանը բացատրենք այն, ինչ տեղի է ունենալու»,- ասաց նա: Վարչապետը հավատացրեց, թե պատկան մարմինները օրենքի կետը պաշտպանելու են. «Ես չեմ կարծում, որ որևէ խնդիր կարող է լինել, խոսում են մեքենաների մասին և այլն և այլն, նման բաղադրիչ չի ընդունվելու, և դա հանձնաժողովը հայտարարել է, և կարծում եմ, կառավարությունը հետամուտ կլինի»: Հարցին, թե ինչպես է, որ նախարար Զախարյանը հայտարարում է, որ ՀԷՑ-ում գողություն է եղել, մինչդեռ պատժվողներ չկան, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես անկեղծ չեմ լսել, որ ասել է գողություն, ասել է բացթողումներ: Ամեն դեպքում ես հետամուտ կլինեմ՝ հասկանալու ինչի մասին է խոսքը, եթե կա նման բան՝ պետք է դիմել պատկան մարմիններին և հետամուտ լինել»: Իսկ թե գուցե հենց վարչապետն էլ նախաձեռնի, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե ինքը որևէ փաստ չունի, եթե լինի անպայման կդիմի: Դիտարկմանը, որ միայն նպաստառուներին օգնելով հարցը լուծում չի ստանում, քանի որ հասարակ ժողովուրդն էլ մի լավ օրի չի, վարչապետը պատասխանեց. «Ինչու եք նման ձևով վատ տրամադրված, պետք է ամեն ինչ անենք, որ լավանա, մենք այդ գործին ենք լծված, և ես մի քանի անգամ ասել եմ, և հիմա էլ մեկ անգամ ևս ասում եմ, որ երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որ իրականացնելու ենք, և դա բերելու է տնտեսության ակտիվացմանը և ժողովրդի բարեկեցությանը»: