Բավ է պառակտվել
01-07-2014 16:00

Հանձնաժողովը կողմ քվեարկեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր միաձայն որոշում կայացվեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով։

Մինչ այդ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթի խոսքում պահանջեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը հետաձգել և այսօր չքվեարկել։

«37% աղքատություն է գրանցվել Հայաստանում, ժողովրդի վիճակը վատ է, շատ վատ, իսկ ձեր արտադրանքի սպառողները հենց այդ մարդիկ են. շուրջ 40% հոսանքի բարձրացումը մեկ տարում՝ անթույլատրելի է»,-ասաց նա և բերելով գազի սակագնի բարձրացման օրինակը` նշեց, որ նրանք ամեն տարի սպառողների 5% կորուստ են ունենալու։

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ առաջարկում էր հետաձգել ու կազմակերպել քննարկում իրենց կողմից Հանձնաժողովին և վարչական դատարանին ներկայացված նախագծի շուրջ, որն առաջարկում է սակագնի վերանայման իրենց տարբերակը:

Նրանց առաջարկին միացավ նաև ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը. «Հարցը միայն ֆինանսական ու տնտեսական չի, միայն քաղաքական է, ազգային շահերից բխող հարց է, իրավունք չունենք հապշտապ որոշում կայացրել։ Առաջարկում եմ՝ այս պահին կանգառ տանք»,-նշեց նա։