Բավ է պառակտվել
16-03-2015 12:51

ՀՀ զինանշանում մասնագետները՝ շտկումների ու կատարելագործման անհրաժեշտություն են տեսնում

Հայաստանի զինանշանում առկա են և դիզայներական ու նկարչական սխալներ, և հայ ժողովրդի անցյալի ոչ ճիշտ մեկնաբանություններ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նաման տեսակետ հայտբեց ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով վերջերս ՀՀ պետական խորհրդանիշների՝ մասնավորապես գերբի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ անելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
«Պետք է հստակեցվի զինանշանը: Երեք տարի է աշխատում եմ այդ ուղղությամբ: Պետք է կատարելագործենք այն: Մեկ-երկու ամսից կունենաք այդ տարբերակը»,- ասաց բանախոսը: Ասուլիսին մասնակից հանձնաժողովի անդամ մշակութաբան Գագիկ Մանասյանն էլ ասաց, որ ինչպես մարդու անձնագիրն իր մասին տալիս է հստակ տեղեկատվություն, այնպես էլ երկրի գերբը պետք է հստակ լիարժեք պատկերացում տա այդ երկրի անցյալի, ներկայի ապագայի, երկրի վարած քաղաքականության մասին: «Մեր գերբը վախկոտ երկրի, վախկոտ քաղաքականության պատկերացում է թողնում: Գերբի ստեղծման հիմքում առաջնայինը գաղափարական, բովանդակային նկարագրությունն է»,- ասաց նա:
Մշակութաբանն առանձնացրեց մի քանի թերություններ, մասնավորապես՝ գերբի վրայի առյուծի բերանը փակ է, գերբագիտության օրենքով անընդունելի է առյուծին պատկերել փակ բերանով. «Դա նշանակում է, որ այդ առյուծը մեռած է, անպաշտպան է, ընդունակ չէ ինքնահարձակման, պաշտպանության»:
Երկրորդ թերությունն այն է, որ սուրը կոտրված է, բացի այդ՝ գտնվում է շղթաների մեջ. «Գաղափարական իմաստով անթույլատրելի է: Չի կարող պետության սուրը կոտրված լինել: Շղթայի գաղափարն այն է, որ սուրը պետք է կոտրի շղթան: Գերբում կա ժապավեն, որի վրա որևէ բան գրված չէ: Կամ այդ ժապավենն է ավելորդ, կամ վրան պետք է կարգախոս գրվի»:
Գունային առումով որևէ փոփոխություն չի նախատեսվում, քանի որ Հայաստանի դրոշի գույներն են ներկայացված գերբում: