Բավ է պառակտվել
16-10-2015 13:15

Հայկազ Բարսեղյանին կախել են, երբ նա մահացած է եղել

Ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննության, հայտնաբերվել են հետմահու ճմլման ակոսներ: Այս մասին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը՝ անդրադառնալով մեղադրյալ Վաչե Սահակյանի փաստաբանի հայտարարությունը, թե առանձնակի դաժանությամբ կատարված սպանության մասին մեղադրանքն աբսուրդ է: «Ինչո՞ւ է աբսուրդ այդ մեղադրանքը: Կա հստակ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, որի համաձայն՝ Հայկազ Բարսեղյանին տարբեր հարվածներ են հասցրել, ինչի հետեւանքով մարմնի տարբեր մասերում արյունազեղումներ են առաջացել, այդ թվում պարանոցի արյունազեղում է եղել, կոկորդի ոսկորն է կոտրվել, մահվանից րոպեներ առաջ պարանոցին բութ գործիքով հարվածներ են եղել: Դատաբժշկական փորձաքննությամբ՝ հայտնաբերվել է նաեւ հետմահու ճմլման ակոսներ: Երբ կախել են Հայկազին, ակոսներն արդեն հետմահու են եղել, այսինքն ինքը մահացած է եղել»,- ասաց Գարիկ Գալիկյանը: Ինչ վերաբերում է մի քանի ականատես-վկաների ցուցմունքների հիման վրա մեղադրանք առաջադրելուն եւ դրանց արժանահավատ լինելուն, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ այդ հարցերի պատասխանը կտա դատարանը. «Առաջիկա օրերին գործը կգնա դատարան եւ այնտեղ այդ ցուցմունքներին գնահատական կտրվի»: Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են: Նույն դեպքով օրեր անց կալանավորվել է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: