Բավ է պառակտվել
19-09-2016 15:38

Փորձագետը հայտնել է Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանի ակտիվացման հնարավոր ժամկետը

Ադրբեջանի զինուժը սույն թվականի հոկտեմբերին նորից կարող է ակտիվանալ ղարաբաղյան հակամարտության գոտում, եթե հայկական կողմը զգոն չլինի, երկուշաբթի լրագրողներին ասաց հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

«Ես երբեք չեմ ասել, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի, խոսքը տարածքներ «կորզելու» փորձի մասին է, որ Ադրբեջանը կարող է անել հոկտեմբերին: Ես չեմ ասում, որ ադրբեջանցիները հարյուր տոկոսանոց հավանականությամբ կհարձակվեն, խոսքն այն մասին է, որ մենք պետք է պատրաստ լինենք», - ասաց նա` պարզաբանելով, որ հուլիսից ի վեր եղանակային պայմանները կայունացել են, և անձրևները` դադարել:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Վարդանովի խոսքով, եթե հայկական կողմը տակտիկական նախապատրաստման անցկացման մեջ որոշակի փոփոխություններ չկատարի, ապա ադրբեջանցիները կարող են ապրիլյան դեպքերի պես գործողություններ ձեռնարկել` ևս մի քանի տարածք գրավելու փորձ կատարելու համար` այդ քայլով փորձելով արդարացնել այն հսկայական ծախսերը, որ նրանք ծախսում են իրենց պաշտպանական համակարգի վրա:

«Ադրբեջանցիներն անընդհատ ակտիվանալու են, և մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք և պատրաստ լինենք արժանի հակահարված տալուն», - ասաց Վարդանովը:

Իր կանխատեսումները Վարդանովը պարզաբանում է նրանով, որ ապրիլի ակտիվ գործողություններից հետո ադրբեջանական զորքը մեծ կորուստներ է ունեցել և նոր սրմանը պատրաստվելու համար նրանց հարկավոր էր առնվազն երկու-երեք ամիս: