Բավ է պառակտվել
13-04-2016 14:56

Հիմա տեղեկատվական դաշտի ամենաբարդ փուլն է. մասնագետ

Պատերազմական գործողությունների ընթացքում հայկական ԶԼՄ-ները և սոցցանցը, կարելի է ասել, նույնիսկ անսպասելի արդյունք գրանցեցին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը՝ նշելով, որ ինչպիսի միախմբվածություն տեղի ունեցավ իրական կյանքում, նույնն էլ եղավ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցում:
«Ադրբեջանի հաշվարկները, որ հասարակությունը պառակտված է և պատերազմական գործողությունների ժամանակ այստեղ կսկսվի ներքին գզվռտոց և միասնություն չի լինի, փաստորեն չստացվեց: Կարելի էր ասել, որ համացանցում ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա բոլոր հայերը փորձեցին օգտակար լինել»,-նշեց մասնագետը:

Նրա խոսքով՝ այդ օրերին շատ լավ աշխատեցին նաև ծրագրավորողներն ու թարգմանչական խմբերը, որոնք շատ արագ տեղեկատվություն էին թարգմանում և տարածում բոլոր հասանելի միջոցներով:

«Այն ինչ որ Ադրբեջանն իր տեղեկատվական դաշտում ձեռնարկեց երկու տարի առաջ, տոտալ տեղեկատվական բլոկադա, դա վերաջապես աշխատեց հենց իրենց դեմ, իրենք հայտնվեցին հենց իրենց տեղեկատվական ծուղակում: Նրանք կրկին փակեցին Ադրբեջանի տեղեկատվական դաշտը, բայց այստեղ նույնիսկ ամենապատրիոտիկ ադրբեջանցի օգտատերը հասկանում է, որ եթե իրենք հարձակվել են, հաստատ Ադրբեջանը պետք է զոհեր ունենա: Իրենց դաշտում զոհերի քանակը խիստ նվազեցված էր, ստիպված տեղեկատվություն ստանալու համար մտան հայկական հարթակներ»,-նշեց Տիգրան Քոչարյանը:

Նա ասաց, որ այնուհետև Ադրբեջանում սկսեցին բացահայտ կեղծ տեղեկություններով փորձել մխիթարել իրենց օգտատերերին, ցույց տալով իբր թե հասել են Ֆիզուլի, գրավել են Ջաբրաիլը՝ օգտագործելով ֆոտոշոփեր:

Ինչ վերաբերում է զուտ լրատվական դաշտին, մասնագետն ասաց. «Մեր լրատվական դաշտը իրեն շատ լավ պահեց, ոչ մի կայք ապատեղակատվություն չտարածեց, բացառությամբ մի քանիսի, որոնց լրատվական չի էլ կարելի անվանել, որոնք փորձում էին լայքեր հավաքել կամ գովազդով գումար աշխատել: Ցանցն աշխատեց շատ համախմբված և ոչ մի ադրբեջանական քարոզչական թեզ չաշխատեց»:

Արտասահմանյան ԶԼՄ-ները, ըստ Տիգրան Քոչարյանի աշխատեցին հիմնականում շատ չեզոք, կամ էլ ներկայացրեցին, որ ագրեսորը և հարձակվողը Ադրբեջանն է եղել. «Ռուսալեզու ԶԼՄ-ները ևս լավ աշխատեցին: Հենց Ռուսաստանի լրատվամիջոցները փորձեցին այն սխալները չկրկնել, որոնք արել էին «էլեկտրիկ Երևանի» ժամանակ և շատ ավելի օբյեկտիվ տեղեկատվություն էին տալիս: Նույնիսկ ուկրաինական լրատվամիջոցները չեզոք, չափված տեղեկատվություն տվեցին, այլ ոչ թե ռուսներին հակառակ ինչ որ բան արեցին»: Խոսելով ներկայիս վիճակից, նա ասաց, որ դաշտը վերադառնում է իր հին վիճակին և այստեղ հնարավոր է, որպեսզի քարոզչական թեզեր գցեն մեր դաշտ՝ պառակտման համար. «Պետք է կարողանանք պահպանել այս միասնությունը և այն օգտագործել: Հիմա ամենաբարդ փուլն է տեղեկատվական դաշտի: Այստեղ դիվանագիտական կորպուսը պետք է շատ լավ աշխատի»: