06-02-2017 16:40

Բնապահպանները մտահոգված են. Հայաստանի քաղաքական կուսակցություններն անտեսում են էկոլոգիական խնդիրները

Հայ բնապահպանները կոչ են անում քաղաքական կուսակցություններին՝ իրենց նախընտրական ծրագրերում տեղ հատկացնել նաև բնապահպանական խնդիրներին, քանի որ տվյալ ոլորտին պատշաճ ուշադրություն չի դարձվում:
Ինչպես երկուշաբթի օրը կայացած ասուլիսին հայտարարել է « Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ քաղաքական կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում ոչ մի խոսքով չեն անդրադառնում բնապահպանական խնդիրներին:
«ՄԱԿ-ի հետազոտությունների համաձայն բնապահպանական խնդիրները բացակայում են մեր ռազմավարական ծրագրերում: Դա մեզ ստիպեց հանդես գալ քաղաքական կուսակցություններին ուղղված հայտարարությամբ, որովհետև մենք մեծ քայլերով գնում ենք դեպի էկոլոգիական ճգնաժամ»,- ընդգծել է նա:
Դանիելյանի խոսքերով դիմումում նշված են էկոլոգիայի ոլորտում առկա այն հիմնական խնդիրները, որոնք խոչնդոտում են Հայաստանի զարգացմանը:
«Ամենամեծ մտահոգությունը երկրում հանքաարդյունաբերության էքստենսիվ, զարգացումն է, ինչի արդյունքում մենք այն զրկում ենք բնական ռեսուրսներից, մեծ վնաս ենք հասցնում շրջակա միջավայրին, կենսաբազմազանությանը, մարդկանց առողջությանը, գյուղատնտեսության և տուրիզմի զարգացմանը»,- ընդգծել է փորձագետը:
Դանիելյանը վստահ է, որ այդ բոլոր խնդիրների պատճառը էկոլոգիական կուլտուրայի և էկոլոգիական մտածողության ի սպառ բացակայությունն է՝ ինչպես երեխաների, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում: Ամենուր գերիշխում է միայն ֆինանսական շահույթը:« Մենք պետք է հսկայական քայլեր ձեռնարկենք էկոլոգիական կուլտուրայի ձևավորման հարցում»,- ասել է նա:

Հայկական բուսաբանական ընկերության նախագահի տեղակալ Գոհար Օգանեզովան իր հերթին նշել է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են էկոբազմազանությունը, ջրային ռեսուրսների վատ վիճակը և քաղաքաշինության հետ կապված խնդիրները: Այդ ամենը, նրա խոսքերով, հանգեցրել է էկոլոգիական և սեյսմիկ ռիսկերի բարձրացման: