Բավ է պառակտվել
16-11-2015 08:47

Քեոփսի բուրգը լուսավորվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Լիբանանի դրոշների գույներով

Համերաշխության ակցիան անցկացվել է կիրակի ուշ երեկոյան Կահիրեում` Գիզայի բուրգերի սարահարթում։ Փարիզում և Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունների, ինչպես նաև ռուսական ինթնաթիռի վթարի հետևանքով զոհված մարդկանց հիշատակը հարգելու համար հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Լազերային ճառագայթները մեկ ժամ շարունակ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Լիբանանի դրոշների գույներով են լուսավորել ամենամեծ եգիպտական դամբարանը` Քեոփսի բուրգը։ Պետական դրոշներից բացի, հնագույն քարերի վրա արտացոլվել է «Եգիպտոսի ժողովրդի համերաշխության մասին» տեքստը։ Գիշերային ակցիային մասնակցած մարդկանց ձեռքերում մոմեր են վառվել։ «Սա աշխարհին ուղղված ուղերձ է։ Մենք ասում ենք, որ դեմ ենք ահաբեկչությանը և զորակցում ենք այն ժողովուրդներին, որոնց կյանքում վերջին շրջանում տխուր իրադարձություններ են տեղի ունեցել` ռուսական ինքնաթիռի աղետը, Ֆրանսիայի և Բեյրութի ահաբեկչությունները»,–ասել է Եգիպտոսի հուշարձանների և մշակութային ժառանգության նախարար Մամդուհ ադ Դամատին։ Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիավթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են։

Ուրբաթ երեկոյան Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել: