09-11-2016 16:34

ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են գործակցել ազգային վճարային համակարգերի փոխգործարկման շուրջ

Նոյեմբերի 7-8-ը Երևանում կայացել է ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները» թեմայով. տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հանդիպման արդյունքներով ընդունվել է ընդհանուր վճարային տարածք (միասնական ստանդարտներով աշխատող տեխնոլոգիական միջավայր) ձևավորելու նպատակով վճարային ենթակառուցվածքների փոխգործակցության ակտուալության մասին բանաձև: Վերջինս ԱՊՀ երկրների ազգային վճարային քարտեր ունեցողներին թույլ կտա ազատորեն իրականացնել բոլոր սովորական գործարքները՝ այդ քարտերի օգնությամբ կանխիկ գումարներ ստանալ, գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց և այլ գործառնություններ աշխատանքային հանդիպման անդամ-երկրների բանկոմատների ու առևտրային տերմինալների միջոցով:

Երևանում կայացել է ԱՊՀ երկրների ազգային վճարային համակարգերի և ազգային բանկերի ներկայացուցիչների ու ղեկավարների Աշխատանքային հանդիպում: Միջոցառումը կազմակերպվել է «НСПК» ԲԸ (ռուսական «Мир» վճարային համակարգի օպերատորը) և «Արմենիան Քարդ» ՓԲԸ (հայկական «ArCa» վճարային համակարգի օպերատորը) կողմից: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության ազգային վճարային համակարգերի և ազգային բանկերի ներկայացուցիչները:

Աշխատանքային հանդիպումը բացվել է Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչների ելույթներով:

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի Ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինա. «Մեր երկրների միջև փոխգործակցությունն արդեն վաղուց տարբեր մակարդակներով է իրականացվում՝ թե՛ կենտրոնական բանկերի և թե՛ վճարային համակարգերի միջև: Շատ կարևոր է, որ մեր վճարային համակարգերը զարգանան միջազգային մակարդակով, զբաղեցնեն իրենց արժանի տեղը վճարային ծառայությունների շուկայում և տրամադրեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեր քաղաքացիներին։ Վստահ եմ, որ հանդիպման արդյունքներով կմշակվեն և կարձանագրվեն մեր հետագա զարգացման համատեղ քայլերը»:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան. «Բոլոր այն երկրներում, որոնց ներկայացուցիչներն այսօր այստեղ են, Կենտրոնական բանկն առանձնահատուկ նշանակություն է տալիս ազգային վճարային համակարգերի և տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք դրա համար կիրառվում են: Այսօր մենք կքննարկենք մեզ համար կարևոր ծրագրերը, որոնք որոշելու են մեր վճարային համակարգի զարգացումն առաջիկա մի քանի տարիներին, և դրանցում իր ուրույն տեղն է զբաղեցնում այլ երկրների վճարային համակարգերի հետ գործակցությունը»:

Աշխատանքային հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների վճարային ծառայությունների շուկայի ընթացիկ իրավիճակը, ազգային վճարային համակարգերի փոխադարձ ինտեգրման հեռանկարները և միջերկրային հաշվարկներն ազգային արժույթներով կազմակերպելու հարցը:

«ArCa» և «Мир» վճարային համակարգերի ղեկավարները ներկայացրել են վճարային ենթակառուցվածքների փոխգործակցման նախագիծը՝ «НСПК» ԲԸ-ի կողմից ներկայացված կազմակերպական և տեխնոլոգիական լուծումների հենքի վրա: Միջհամակարգային փոխգործակցության շրջանակում մշակվելու են միասնական կանոններ և սակագներ, հաշվարկները տարվելու են ազգային արժույթով, ինչպես նաև ընդլայնվելու է քարտերի ընդունման ենթակառուցվածքը:

«НСПК» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլև. «Աշխատանքային հանդիպման մասնակիցների վճարային համակարգերից յուրաքանչյուրը զարգանում է իր նախանշած ուղղությամբ, բայց և այնպես մենք ունենք ընդհանուր նպատակներ ու խնդիրներ: Վստահ եմ, որ մեր պետությունների վճարային համակարգերի միջև փոխգործակցությունը մեզ թույլ կտա փոխանակվել սեփական մշակումներով, համատեղ լուծել բոլորի համար կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսին են արդյունավետության բարձրացումը, դրամաշրջանառության ավելացումը և շատ այլ հարցեր։ Դա հնարավորություն կտա գտնել վճարային համակարգերը զարգացնելու ընդհանուր ուղի և որոշել հետագա գործակցության ծրագրերը, որոնք օգտակար և շահավետ կլինեն բոլոր մասնակիցների համար»։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյան. «2016 թ-ի ամռանը մեր վճարային համակարգերի միջև ստորագրվել էր գործակցության հուշագիր: Այս պահին, մենք խոսքից ու պլանավորումից անցնում ենք գործողությունների: Այսօրվա հանդիպմանը, որը դարձավ փոխգործակցության տրամաբանական շարունակությունը, մենք արդեն կարող ենք ներկայացնել մեր՝ «ArCa» և «Միր» վճարային համակարգերի համատեղ աշխատանքը, որի արդյունքները ամփոփվել են ճանապարհային քարտեզում»:

Աշխատանքային հանդիպման շրջանակում ընդունվել է Ճանապարհային քարտեզ, որի համաձայն մինչև 2017 թ. կեսը կավարտվի տեխնիկական համապատասխանեցումը և «Мир» ու «ArCa» վճարային համակարգերի քարտերի փոխընդունումը մասնակիցների ենթակառուցվածքներում:

Աշխատանքային հանդիպման բոլոր մասնակիցների երկօրյա հագեցած աշխատանքի արդյունքներով ընդունվել է միասնական տեխնոլոգիական և ֆինանսական սկզբունքների օգտագործմամբ վճարային ենթակառուցվածքների միավորման անհրաժեշտության մասին բանաձևը, որի նպատակը ազգային վճարային համակարգերի առավելագույնս արդյունավետ զարգացումն է և ընդհանուր վճարային տարածքի ձևավորումը: Հանդիպման մասնակիցները նաև անհրաժեշտ են համարել մշակել վճարային քարտերի ազգային համակարգերի փոխգործակցության կազմակերպական-իրավական, այդ թվում՝ միջերկրային հաշվարկներն ազգային արժույթներով կազմակերպելու հարցերը:

Ի թիվս այլ հարցերի, հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության, շահագրգիռ իրավական և տեխնիկածրագրային լուծումներին առնչվող հարցեր: