Բավ է պառակտվել
20-11-2014 08:48

ԵԱՀԿ Ադրբեջանին հորդորում են թույլատրել զոհերի դուրսբերումն ուղղաթիռի անկման վայրից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) խորապես մտահոգված են այն հանգամանքով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ղարաբաղյան ռազմական ուղղաթիռին մոտենալ դեռևս հնարավոր չի եղել: 
Համանախագահներն այդ կապակցությամբ դարձյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ ուղղաթիռի բեկորներն ընկած են չեզոք գոտու ականապատ տարածքում: 
«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել կրակն աղետի վայրի մերձակայքում և օժանդակել տարածքի ականազերծմանը»,-ասված է հայտարարության մեջ: 
Նշվում է, որ 2010թ.-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված Աստրախանի հայտարարության ոգուն հավատարիմ մնալով՝ համանախագահներն Ադրբեջանին հորդորում են թույլատրել զոհերի մարմինները դուրս բերել, իսկ Հայաստանին՝ ջանքեր ներդնել հումանիտար իրավիճակի լուծման համար: 
Նրանք կողմերին կոչ են արել ապահովել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ու նրա թիմի ներկայությունն այնտեղ: 
Համանախագահները կրկնել են նոյեմբերի 12-ի իրենց հայտարարությունը՝ կողմերին հիշեցնելով, որ Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հայտարարություններով պարտավորվածություն են ստանձնել հարգելու հրադադարի ռեժիմը և խնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով:  Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: 
Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Նրանք, մասնավորապես, կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և հիշեցրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները: