21-10-2016 10:59

Երևան-Մոսկվա վթարված ավտոբուսից տուժած 2 հայ քաղաքացիների վիճակը կայուն ծանր է

Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի երկու քաղաքացիները շարունակում են մնալ կայուն ծանր վիճակում, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ–ից ստացած տեղեկատվության համաձայն, Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»-ում գտնվող Հարությունյան Ժ. Մ.-ի (1949 թ. ծնված) և Պողոսյան Ս. Ս.-ի (1990 թ. ծնված) առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ՝ կայուն ծանր։

Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ը (1984 թ. ծնված), ով բուժվում էր Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում, հոկտեմբերի 20-ին դուրս է գրվել հիվանդանոցից:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել՝ 29 ուղևոր: