Բավ է պառակտվել
17-07-2017 13:00

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկությունը մասամբ կկասեցվի. ՀՀ տրանսնախ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկությունը մասամբ կկասեցվի, այս մասին երկուշաբթի օրը հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հղում անելով Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտին:
Ինչպես նշում են տրանսպորտի նախարարությունից, հուլիսի 17-ից 20-ը ավտոճանապարհի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածը օրական մի քանի ժամով փակվելու է: Մասնավորապես նախատեսվում է, որ 07:00-ից 18:00 –ն ընկած ժամնակահատվածում ճանապարհը մի քանի անգամ 2-ական ժամով կփակվի:
Տվյալ հատվածում կատարվում են ճանապարհին հարող լանջերի մաքրման աշխատանքներ, ինչի հետ կապված պարբերաբար ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցնելու անհրաժեշտություն է ծագում:
Նման լողացող գրաֆիկով երթևեկությունը կարգավորելու նպատակով բոլոր փոխադրումները կկատարվեն պարեկային ոստիկանության ծառայողների անմիջական վերահսկողության ներքո:
Վերին Լարս անցակետը Հայաստանը Ռուսաստանին միացնող միակ ցամաքային ուղին է: Ձմռանը, հսկա ձյունակույտերի փլուզման վտանգի պատճառով անցակետում տեղի է ունենում բեռնատարների կուտակում: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նաև գարնանային և աշնանային շրջանում, երբ սելավային հոսքերի վրանգ է առաջանում:
Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարին հանձնարարել էր մշակել Ռուսաստանի հետ ցամաքային այլընտրանքային հաղորդակցություն, և այդ կապակցությամբ բանակցություններ վարել ռուսական և վրացական կողմերի հետ: