05-07-2016 11:21

Վերին Լարսի սահմանային անցակետն այսօր էլ չի բացվի

Վերին Լարսի սահմանային անցակետը, որն այսօր՝ հուլիսի 5-ին, պետք է փորձնական բացվեր 4x4 թեթև մարդատար մեքենաների համար, չի բացվել: Այս մասին news.gisher.ru-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից:

Հայկական կողմը քիչ առաջ է խոսել վրացի գործընկերների հետ եւ պարզել, որ ճանապարհն այսօր ամենայն հավանականությամբ չի բացվելու:

«Նախնական տվյալներ կան, որ հնարավոր է՝ վաղը բացվի»,- ասացին նախարարությունից:

Նշենք, որ Վերին Լարսի անցակետի մոտ, ըստ պաշտոնական թվերի, մոտ 50 ՀՀ քաղաքացի է մնացել, որոնց տեղափոխման հարցը դեռ չի լուծվում: Ռուսական կողմը վրաններ է տրամադրել ՀՀ քաղաքացիների համար եւ բավարարվել այդքանով:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացրել էին, որ փլուզման հետեւանքով հունիսի 23-ից փակվել է Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետը: