19-10-2016 16:36

Մոսկվա- Երևան ավտոբուսի վթար. երկրորդ վարորդն այս գիշեր Հայաստան կտեղափոխվի

Մոսկվա- Երեւան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը երկրորդ վարորդ Արեն Սաինյանն է, որն այսօր գիշերը կտեղափոխվի Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

Երկրորդը վարորդը ստացել է աչքի վնասում: Նշենք, որ Սաինյանը Նոյեմբերյանի բնակիչ է, 39 տարեկան: Նա Հայաստան տեղափոխվելուց հետո բուժզննում կանցնի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանում Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:

Հայաստան տեղափոխվածները բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից: