Բավ է պառակտվել
25-10-2016 16:36

Դրեզդենի նվագախումբը հրավիրել է Էրդողանին Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը Ստամբուլում կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ինչպես նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին։

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Ստամբուլում ԳԴՀ-ի գլխավոր հյուպատոսությունում: Համերգը նվիրված է լինելու «հայկական և թուրքական անցյալի վերքերին»: Նվագախումբը կկատարի «Աղետ» ստեղծագործությունը` նվիրված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը: Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև «հայ-թուրքական-գերմանական բարեկամության միության» հաստատումը: Բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկվում է մինչև նոյեմբերի 5-ը հաստատել իրենց մասնակցությունը միջոցառմանը։

ԳԴՀ-ի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել համերգի շուրջ ստեղծված իրավիճակը: Թուրքիայում վերջին մի քանի ամսվա ընթացքում բողոքի ալիք է բարձրացել այս նախագծի դեմ, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում է կատարել «Աղետ» ստեղծագործությունը Բելգրադում և Երևանում: 

Հունիսին Բունդեսթագի պատգամավորները ընդունել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Այս քայլը լրջորեն ազդեց Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։ Մասնավորապես, գերմանացի պատգամավորներին արգելվեց այցելել Թուրքիայում գտնվող Ինջիրլիկ ռազմական, որտեղ տեղակայված է բունդեսվերայի զորակազմը: Բացի այդ, Էրդողանը փորձել է պատասխանատվության ենթարկել գերմանացի հաղորդավար Յան Բեմերմանին, ով կասկածվում էր Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ: Հոկտեմբերի սկզբին Բեմերմանի նկատմամբ հետաքննությունը դադարեցվեց Մայնցի դատախազության կողմից: Իսկ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիկ, ինչից հետո գերմանական ԶԼՄ-ները սպառված համարեցին երկու երկրների միջև ծագած կոնֆլիկտը: