Բավ է պառակտվել
06-05-2014 17:51

Դպրոցի տնօրենը Անահիտ Բախշյանից պահանջում է իրեն կաշառակեր անվանելու համար ներողություն խնդրել

Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանը պատասխանել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանին, ով երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Լիլյա Հարությունյանը հանդեսի համար դպրոցում ծնողներից 10 000-ական դրամ է հավաքում և հորդորել Լոռու մարզպետին կարգի հրավիրել «կաշառակեր տնօրենին»։

Լիլյա Հարությունյանի նամակը ներկայացնում ենք ստորև։

«Տիկի՛ն Բախշյան, ճիշտն ասած, այնքան վիրավորված եմ, որ նույնիսկ չեմ ուզում Ձեզ դիմել: Բայց, քանի որ Ձեր անպատասխանատու հայտարարությունը լայնորեն արձագանքվել է, ստիպված եմ հղել Ձեզ իմ վերաբերմունքը: Գիտե՞ք, շատ հեշտ է մարդուն վարկաբեկել. մի անզգույշ բառ, արտահայտություն, և նախադեպը ստեղծված է: Մտածում եմ. Դուք ինձ չեք ճանաչում, դպրոցում չեք եղել, հաստատ համոզված եմ` ոչ մի ծնողի հետ չեք խոսել և այսպես արագորեն հանրությանն եք հանձնում Ձեր ոմն գործընկերոջ տվյալնները. թե անվերապահորեն վստահում եք Ձեր գործընկերոջը, թե ....... Իսկ մի պահ Ձեր մտքով չանցա՞վ, որ դա կարող է լինել նախանձ` դպրոցի հաջողությունների, հեղինակության, իմ` տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակության հանդեպ: Միգուցե կարելի էր ավելի շրջահայաց լինել և կանգ առնել` մինչ մարդուն անհիմն կաշառակեր հայտարարելը: Գուցե դա քաղաքական հնա՞րք է: Բայց չէ՞ որ Դուք արատավորում եք դպրոցը, տնօրենին, որոնք կոչված են դաստիարակելու և կրթելու, ոչ թե քաղաքական խաղերի զոհը դառնալու: Դուք, որ ինձ այսօր կաշառակեր անվանեցիք, մտածեցիք, որ այդ հայտարարությունը պետք է լսեն դպրոցի մանկավարժները, աշակերտները, ծնողները, մեր քաղաքի բնակիչները: Դուք հասկանում եք, որ այդ հայտարարությամբ բնականոն հունից հանում եք մի ամբողջ դպրոց: Չեմ ուզում մտածել, որ դա է Ձեր նպատակը: Բայցևայնպես, այսօր կեղտ շպրտեցիք և՛ իմ, և՛ իմ դպրոցի վրա: Իսկ չմտածեցի՞ք, որ ես կարող եմ պատիվ պահանջել զրպարտելու և վարկաբեկելու համար:

Կոչ եմ անում Ձեզ. կամ Ձեր ասածը հիմնավորեք, կամ Ձեր մեջ ուժ գտեք` հրապարակավ ներողություն խնդրելու, ինչպես հրապարակավ ինձ անվանեցիք կաշառակեր և վարկաբեկեցիք ոչ միայն ինձ, դպրոցը, այլև փորձեցիք ինչ-ինչ ձևով ստվեր գցել իմ ընտանիքի վրա, իսկ ըտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Իսկ վերջում, որպեսզի ոմն գործընկերներից տեղեկություններ չստանաք իմ և իմ դպրոցի մասին, Ձեզ հրավիրում եմ մեր դպրոց: Կտեսնեք մեր դպրոցի առօրյան, կհանդիպեք աշակերտների, ուսուցիչների, ծնողների հետ և կանեք Ձեր սեփական եզրահանգումնները»: