18-12-2013 16:04

ՄԻԵԴ-ը Հայոց ցեղասպանության հերքումը քրեական հանցագործություն չի ճանաչել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում որոշել է, որ Շվեյցարիան խախտել է Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքները, որը մեղադրվել էր ռասայական խտրականության համար Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով: «Իրավաբանական գիտությունների դոկտոր և Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկը 2005 թ. Շվեյցարիայում մասնակցել է տարբեր խորհրդաժողովների, որտեղ հրապարակավ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:

«Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան բողոք էր ներկայացրել Շվեյցարիայի դատարան 2005 թ. հուլիսին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Փերինչեկի դեմ: Լոզանի դատարանը 2007 թ. Փերինչեկին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Փերինչեկը հայց ներկայացրեց, բողոքարկելով որոշումը, պահանջելով այն չեղյալ հայտարարել և լրացուցիչ հետաքննություն սկսել այդ հարցի շուրջ: Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը նույն տարվա հունիսին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը:

Հայցվորը վիճարկել է որոշումը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին 2007 թ. դեկտեմբերին հաստատեl այդ որոշման օրինականությունը:

Փերինչեկը բողոք ներկայացերց ՄԻԵԴ իր իրավունքները խախտելու վերաբերյալ, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների վրա, մասնավորապես, 7 հոդվածին (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), 10 (կարծիք հայտնելու ազատություն): ՄԻԵԴ-ը հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում՝ դրամական հատուցում չպահանջելով հայցվորի համար: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ»,-ասվում է դատարանի որոշման մեջ: «ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար՝ «խոսքի ու արտահայտվելու ազատության քողի տակ»: Որոշումը վատ օրինակ կհանդիսանա ժխտողականության համար: Այն փաստը, որ որոշումը միաձայն չի եղել, վկայում է, որ կան իրավական նորմեր որոշումը վերանայելու համար: Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք դրան»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ, հայտնում է PanARMENIAN.Net-ը հղում անելով  Asbarez-ին:

ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է վիճարկվել 3 ամսվա ընթացքում: