Բավ է պառակտվել
20-01-2015 08:52

Արդյո՞ք հայ իրավապահները հարցաքննել են Պերմյակովին

Մինչ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը տարբեր վայրերում շարունակ խոստանում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները «ակտիվ գործունեություն» կիրականացնեն Գյումրիի սպանդիառնչությամբ, իսկ Քննչական կոմիտեն զեկուցում է, որ կարողացել է Պերմյակովի զինակիցներից մեզի փորձանմուշներ վերցնել, առայսօր պարզ չէ՝ հայաստանյան իրավապահ մարմինները հարցաքննե՞լ են հիմնական կասկածյալին՝ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին: Հայաստանյան կողմից գործը քննում է Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեն, և կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատության» հետ զրույցում այդպես էլ չի ասել  հայաստանյան քննիչները հարցաքննե՞լ են Պերմյակովին, թե՞՝ ո՛չ: Փոխարենը, Տռուզյանի խոսքից պարզ է դարձել՝ որպեսզի հայաստանյան քննիչները կարողանան, ինչպես նա ասաց, «լիարժեք իրականացնել նախաքննությունը», անհրաժեշտ է Ռուսաստանի իրավապահների թույլտվությունը, քանի որ քրեական գործը գտնվում է նրանց իրավասության ներքո: «Դրանք արդեն կանոնակարգվում են միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական օգնության համատեքստում, ուստի և վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն է դիմել՝ միջազգային քննչական հանձնարարություն Ռուսաստան ուղարկելու, որպեսզի հայ քննիչները հնարավորություն ունենան լիարժեք իրականացնել նախաքննությունը», - ասացել է Տռուզյանը։ Վերջիսն նաև հավելել է, որ Քննչական կոմիտեն դեռ հունվարի 15-ին էր գրություն ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն: Այնտեղից հաջորդ օրը պատասխանել էին, որ «միջազգային քննչական հանձնարարություն են ուղարկել Ռուսաստան», բայց թե Մոսկվայից ի՞նչ են պատասխանել, և թույլատրե՞լ են արդյոք, որ հայաստանցի քննիչները հարցաքննեն Պերմյակովին, կամ, Սոնա Տռուզյանի խոսքով, «լիարժեք իրականացնեն նախաքննությունը», առայսօր պարզ չէ: Ամբողջ օրվա  ընթացքում այս հարցի պատասխանը չի հաջողվել ստանալ նաև Հայաստանի դատախազությունից։ ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցերով Կոստանյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն այդպես էլ չի պատասխանել «Ազատության» հեռախոսազանգերին, պատասխան չստացանք նաև գրավոր հարցմանը: Մինչդեռ հունվարի 15-ին Գյումրիում Հայաստանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ այդ օրը հենց հայաստանցի իրավապահները քննչական ու դատավարական գործողություններ են իրականացնելու Պերմյակովի հետ: «Դուք այսօր նաև ականատես կլինեք, նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի մասնակցությունը, ուղղակի ներգրավվածությունը, այսօրվա ընթացքում համապատասխան քննչական և դատավարական գործողություններ են իրականացվելու ՀՀ օրենսդրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում. իրականացվելու են և՛ քննչական, և՛ դատավարական գործողություններ տվյալ անձի նկատմամբ», - ասաել է Կոստանյանը։ Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, այն որ Հայաստանի իրավապահ մարմինները Պերմյակովին հայտնաբերելուց հետո անմիջապես նրա հետ չեն իրականացրել անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ այդ թվում դատահոգեբուժական փորձաքննություն, կարող է բացասաբար ազդել քննության որակի վրա: «Մեղադրյալը, որին արդեն մեղադրանք է առաջադրվել, պետք է տարվեր դեպքի վայր, և էդ անձը պետք է դեպքի վայրում ցույց տար, թե ինչպես է կատարել յուրաքանչյուր գործողություն, ինչպես է մուտք գործել բնակարան, սպանությունն ինչպես է կատարել, այնուհետև ցույց տար, թե ինչպես է հայտնվել սահմանում։ Ցանկացած իրավաբան, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, կհաստատի իմ ասածը, որ քննչական գործողությունները, որոնք անհետաձգելի են, պետք է պարտադիր կատարվեն։ Դրանց չկատարումը, բնական է, կբերի բացասական հետևանքների», - նշել է Բաղդասարյանը։ Հարց է առաջանում, թե Ի՞նչ եղավ «տղամարդավարի» խոստումը: Սակայն սա էլ ամբողջը չէ․ հունվարի 15-ին Գևորգ Կոստանյանը զայրացած գյումրեցիներին հրապարակավ խոստացավ դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազին, որպեսզի Պերմյակովին փոխանցեն Հայաստանի իրավապահ մարմիններին:«Ես հիմա, որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ ես 100 տոկոսով, միանշանակ, դիմելու եմ այս պահանջով Ռուսաստանի գլխավոր դատախազին», - հայտարարեց Կոստանյանը։  Աղբյուրը նաև տեղեկացել է, որ  սպանությունից մեկ շաբաթ անց՝ մինչ այսօր Քննչական կոմիտեն չի հստակեցրել, թե ովքե՞ր են տուժողների իրավահաջորդները, քանի որ, Տռուզյանի ներկայացմամբ, Ավետիսյանների հարազատները «սգո արարողություններով էին զբաղված»: