Բավ է պառակտվել
25-02-2015 13:53

Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում ըստ Amnesty International-ի զեկույցի

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 160 երկրներում և տարածքներում 2014 թվականին մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև 2013 թվականի որոշ կարևոր իրադարձությունների:
Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է մասնավորապես, որ ոստիկանությունը մի քանի անգամ ուժի գերազանցմամբ ցրել է խաղաղ ցուցարարներին։ Վիճելի հարցերի ուղղությամբ աշխատող ակտիվիստներին սպառնացել են և հարձակումներ գործել:
«Տարվա ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ ուժի գերազանցմամբ ցրել է խաղաղ ցույցերը: Մարտին 7-ին հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ բողոքելու կենսաթոշակային բարեփոխման վիճելի առաջարկի դեմ: Ոստիկանությունն ուժի գերազանցմամբ ցրել է խաղաղ ցուցարարներին: Երեք մարդ բերման է ենթարկվել, տուգանվել և հաջորդ օրն ազատ արձակվել, երկուսը, ինչպես պնդում են, դաժան վերաբերմունքի են արժանացել կալանքի տակ գտնվելու ժամանակ: Հունիսի 23-ին Երևանում ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է մոտ 50 ցուցարարի, ովքեր բողոքում էին էլեկտրականության սակագնի բարձրացման դեմ՝ 27 մարդու բերման ենթարկելով: Նույն օրն ավելի ուշ ոստիկանությունը ֆիզիկական ուժ է կիրառել երեք լրագրողի նկատմամբ, ովքեր սպասում էին ցուցարարների ազատ արձակմանը Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ»,- ասված է զեկույցի՝ ազատ հավաքների վերաբերյալ հատվածում:

Ինչ վերաբերում է կանանց իրավունքներին՝ նոյեմբերի 5-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի անձնակազմի և կանանց իրավունքների այլ ակտիվիստների նկատմամբ սպառնալիքներ և վիրավորանքներ են հնչել դատարանի դահլիճից դուրս գալու ժամանակ, որտեղ նրանք աջակցում էին ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջը:

Խտրականության բոլոր ձևերի արգելքի մասին օրենքի նախագծի ընդունումը դադարեցվել է, իսկ դրույթները, որոնցում հատուկ նշվում էր սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքը, հանվել են: Ինչպես նշված է զեկույցում, խտրականության արգելքի մասին օրենքի նախագծի շուրջ աշխատանքը դադարեցվել է, երբ կառավարությունը որոշել է ԵՄ-ի հետ ասոցացման փոխարեն մտնել Եվրասիական տնտեսական միություն: 2013 թվականի հուլիսի 25-ին Երևանում դատարանը երկու տարի պայմանական ազատազրկման է դատապարտել երկու երիտասարդի, ովքեր դյուրավառ շշեր են նետել լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսսեքսուալների ակումբի վրա: Չնայած նրան, որ դատապարտվածները խոստովանել են հարձակման հոմոֆոբ շարժառիթների մասին, նրանց 2013 թվականի հոկտեմբերին ներում է շնորհվել:

Զեկույցում նշվում է նաև, որ տարվա վերջի դրությամբ Եհովայի բոլոր 33 վկաները, որոնք ազատազրկվել են անցած տարի այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար, ազատ են արձակվել և ուղարկվել են այլընտրանքային ծառայություն անցնելու:

Ինչպես նշվում է զեկույցում, տեղի իրավապաշտպանները շարունակել են մտահոգություն հայտնել ոստիկանությունում մեծ թվով ծեծի և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումների առնչությամբ: Իշխանություններն այդպես էլ արդյունավետ քննություն չեն անցկացրել ընդդիմադիր գործիչ Շանթ Հարությունյանի նկատմամբ ոստիկանությունում դաժան վերաբերմունքի մասին պնդումների վերաբերյալ: Արդյունավետ քննություն չի իրականացվել նաև մարտի 7-ին ցույցերի ժամանակ բերման ենթարկված երկու ակտիվիստի նկատմամբ դաժան վերաբերմունքի պնդման կապակցությամբ: