Բավ է պառակտվել
09-04-2016 08:33

Պերմյակովի դատը. դատարանի դահլիճում ներկայացվեց նաև սվին–դանակը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արտագնա հերթական նիստի ընթացքում ծանոթացավ Վալերի Պերմյակովի գործով իրեղեն ապացույցներին

Դատարանում հերթականությամբ ներկայացվեց գործով իրեղեն ապացույցներ պարունակող 18 փաթեթ, այդ թվում` տարածքում հայտնաբերված ԱԿ տեսակի ինքնաձիգը, փամփշտակալները, որոնցից մեկը` դատարկ, սվին-դանակը, Պերմյակովին պատկանող հագուստն ու կոշիկները, արյան նմուշները, Ավետիսյանների տանը հայտնաբերված բջջային հեռախոսները, կրակած պարկուճները, ինչպես նաև Ավետիսյանների տանից վերցված սպանված Ավետիսյանների հագուստներն ու վերմակները: Որպես ապացույց ներկայացված էին նաև կոտրատված ապակիներ, Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված բջջային հեռախոսներն ու գումարը:

Վերոնշյալ իրերը գենետիկական հետազոտության են ենթարկվել: Հագուստները պատկանել են Պերմյակովին, նրան է պատկանել նաև Ավետիսյանների տանը հայտնաբերված ականջակալներից մեկը: Հագուստի հետ հայտնաբերվել են նաև լինզաներ:

Իրեղեն ապացույցների հայտնաբերման փուլի ընթացքում ներկայացվեցին նաև Պերմյակովի հարցաքննման ժամանակ արված տեսաձայնագրությունները՝ 15 տեսաերիզ, սակայն, ըստ գործող օրենքի, այդ տեսաձայնագրությունները չեն հրապարակվի մինչև Պերմյակովի` դատարանում հարցաքննվելու պահը: Դատական նիստի ընթացքում ցուցադրվեց նաև Ավետիսյանների բնակարանի տեսաձայնագրությունները:

 Դատարանն այս նիստին բավարարեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ մինչև հաջորդ դատական նիստը դիմել ռուսական կողմին պարզելու համար առաջին՝ արդյոք քրեական նոր գործեր հարուցվել են Վալերի Պերմյակովի գործի շրջանակում, երկրորդ՝ Պերմյակովի` «Օդնոկլասսնիկ» սոցիալական ցանցում արված գրառումների համաձայն` մարդիկ հարցաքննվել են, թե ոչ: Փաստաբանները նաև դիմեցին դատարանին լրացուցիչ հարցում անել Վալերի Պերմյակովի ծառայակիցների, հատկապես Վլադիմիր Տարասովի և Անդրեյ Նիկիշինի գտնվելու վայրի վերաբերյալ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին:

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։