03-11-2014 17:58

ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ՍԴ-ում է

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միաության անդամակցության պայմանագիրն արդեն Սահմանադրական դատարանում է և շուտով սկսվելու են քննարկումները: Այս մասին տեղեկանում ենք «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ի տարածած հաղորդագրությունից: «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ինչպես այլ միջազգային պայմանագրերը, այս մեկն էլ պետք է նախ հավանության արժանանա ՀՀ Սահմանադրական դատարանում և հետո միայն Ազգային ժողովում: Հոկտեմբերի 25-ին նախագահի աշխատակազմից պայմանագիրն ուղարկել են Սահմանադրական դատարան, որը շուտով կսկսի դրա քննարկումները: Համաձայն օրենքի, միջազգային պայմանագրերը ՍԴ-ում քննարկվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերը, երբ տվյալ պայմանագիրը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այսօր «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» hիմնվելով «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 72-րդ հոդվածների վրա, Սահմանդարական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանից դիմումով պահանջել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը քննել բանավոր ընթացակարգով: Դիմումի բավարարումը հնարավորություն կտա լրագրողներին լուսաբանել ՍԴ-ում հարցի քննարկումը»,- նշված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: