Բավ է պառակտվել
25-11-2013 18:26

Տարոն Մարգարյանը կմեկնի Մոսկվա

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը անցկացվող Երևանի օրերին,  հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Այնուհետ երկու երկրների մայրաքաղաքների քաղաքապետերը կստորագրեն 2014-2016թթ. համագործակցության ծրագիրը: Այցի ընթացքում նախատեսված է գործարար համաժողով, որի շրջանակում «Մետրոպոլ» հյուրանոցում կկազմակերպվի հայկական գինիների ցուցահանդես-համտես: Երևանի պատվիրակության այցի ծրագիրը հագեցած է նաև բազմաթիվ մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնք կմեկնարկեն նոյեմբերի 26-ին՝ հայոց գրերի ստեղծմանը նվիրված տոնական երեկոյով:  Նոյեմբերի 27-ին Միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի կունենա գալա-համերգ, որի շրջանակում դասական և էստրադային կատարումներով հանդես կգան պետական երիտասարդական նվագախումբը, ժամանակակից հայտնի հայ կատարողներ:   Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում կանցկացվեն նաև Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղերը՝ ազատ ըմբշամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս մարզաձևերում:   Նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, ինչպես նաև հանդիպում Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: