Բավ է պառակտվել
12-01-2018 12:01

ՀՀ ՍԴ նախագահի համար նոր պաշտոն է նախապատրաստվում

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն իր պաշտոնը լքելուց հետո կնշանակվի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:
Սույն թվականի մարտի 23-ին Գագիկ Հարությունյանը կդառնա 70 տարեկան, և հետևաբար՝ սպառվում է ՍԴ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման ժամկետը:
«Իշխանությունները, սակայն, Հարությունյանին թոշակի ուղարկելու մտադրություն չունեն: Նախ, քննարկվում էր Հարությունյանին երկրի ղեկավարի թեկնածուի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը, իսկ հիմա, փաստորեն, ՍԴ գործող նախագահի համար այլ տարբերակ է դիտարկվում», - նշվում է հրապարակման մեջ:
Նոր, փոփոխված Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որն ի պաշտոնե զբաղեցնում է երկրի նախագահը, վերանալու է: Ծրագրվում է ստեղծել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բաղկացած կլինի 10 հոգուց, որից հինգը լինելու են Ազգային ժողովից, իսկ մյուս հինգը ընտրվելու են բոլոր ատյանների դատարաններից:
Խորհրդի անդամներն ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է դառնալ այն դատավորը, ով ունի ոլորտում աշխատելու առնվազն տասը տարվա փորձ: Խորհուրդը կլինի անկախ պետական մարմին, որը կերաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը:
«Բարձրագույն դատական խորհրդի անդամի աշխատավարձը Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից (1 միլիոն 330 հազար դրամ) պակաս լինել չի կարող»,- ասված է հոդվածում:
Իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանելով լրատվամիջոցի այն հարցին, թե ում թեկնածությունն է առաջադրվելու, պատասխանել է, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս նշել է, որ խմբակցությունում այդ հարցը դեռ չի քննարկվել:
«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ընդգծել է, որ խմբակցությունը մտադիր է թեկնածուներ առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններում, սակայն թեկնածուն դեռ հստակ որոշված չէ:
«ՀՅԴ» խմբակցության ներկայացուցիչները չցանկացան պատասխանել հարցերին. նշելով, որ զբաղված են»,-ասված է հրապարակման մեջ: