23-04-2016 12:14

Քլունին և Վարդանյանն այցելեցին «Արարատ» թանգարան

Առաջին «Ավրորա» մարդասիրական մրցույթի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին և 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախօրեին երեկոյան այցելեցին Երևանի կոնյակի գործարան և հայկական լեգենդար «Արարատ» կոնյակի թանգարան, ասված է մրցույթի ֆեյսբուքի էջում: Քլունին և Վարդանյանը, ինչպես նաև նրանց հյուրերը ծանոթացան «Արարատ» թանգարանի ժառանգությանը, որը երկրի պատմության և մշակույթի անբաժանելի մասն է, հայտնեցին թանգարանից: Թանգարանի այցելուները հատկապես տպավորված էին Երևանի կոնյակի գործարանի կուպաժի վարպետ Մարգար Սեդրակյանի ոգեշնչող պատմությամբ: Նա այն անձանցից է, ով փրկվել է 1915 թվականի Ցեղասպանությունից և չնայած վերապրած ողբերգությանը՝ կարողացել է կյանքում և ստեղծագործական աշխատանքում առավելագույն բարձունքների հասնելու ուժ գտնել: Նշենք, որ մրցանակի հավակնորդները, հիմնադիրները և հյուրերը Երևանում են, նրանք նախօրեին եղել են Հայաստանի Ազգային պատկերասրահում: 

«Ավրորա» մրցանակը դափնեկրին կշնորհի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին Երևանում:
Առաջին «Ավրորային» հավակնում են Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման Պակիստանից և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:
««Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100 հազար ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին»,- ասված է հաղորդագրությունում։
«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ որպես երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին ու ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում: