28-05-2014 12:14

Սահմանին դիվերսիոն հարձակման փորձ է արվել.զոհվել է հայ զինծառայող

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Է. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:
Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: