15-07-2014 16:07

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների առթիվ քրգործ է հարուցվել

Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների առթիվ քրգործ է հարուցվել: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ գլխավոր դատախազությունը:

Հայտարարությունում ասվում է.

«ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության եւ ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել եւ ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի «КМС» տեսակի «TD 2042» համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի «ПМ» տեսակի «ВА 0033» համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ф-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով եւ այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի «АКМС» տեսակի «TF 7373» համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի «ПМ» տեսակի «СН 3478» համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ եւ այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:

Նրանց մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական եւ լրտեսական գործողությունների համար:

Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ:

Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնվ. 1968թ.) եւ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.) ձերբակալված են:

Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւին առաջադրված է մեղադրանք եւ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Հարուցված քրեական գործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

Քրեական գործը գտնվում է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն:

Նախաքննության արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով կտրվի լրացուցիչ տեղեկություն»: