Բավ է պառակտվել
16-07-2014 14:36

Ադրբեջանցի դիվերսանտները կարող են լինել նաև հասարակ գյուղացու արտաքինով. Ա. Եղիազարյան

Հուլիսի 10-ին, ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում, Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները՝ դիմել են փախուստի:

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Այդ դեպքից հետո շատերը սկսեցին խոսել, որ նրանք ոչ թե դիվերսանտներ են եղել, այլ մոլորված ադրբեջանցիներ: Նախկին զինվորական Արթուր Եղիազարյանը նշում է, որ դիվերսանտին արտաքնից չես ճանաչի: Արտաքինը կարող է խաբուսիկ լինել, սա հատուկ ռազմավարություն է:
՛՛Նրանք կարող են լինել նաև որսորդի կամ հասարակ գյուղացու տեսքով՛՛:

Նշենք, որ դիվերսանտները նկարահանել էին հայկական այն հողերը, որոնց վրա եղել են, ըստ Եղիազարյանի սա հոգեբանական նշանակություն ունի:
Gisher.news-ի հետ զրույցում Եղիազարյանը նշեց, որ նկարահանում են ճանապարհները, որպեսզի տպավորություն ստեղծեն, որ իրենց գործողությունները չեն խոչընդոտվել, ինչպես նաև տպավորություն են ստեղծում, թե կարող են լինել ամենուր՝ անհայտ ուղեգծով:
Բանախոսը նաև բացատրում է, որ եթե դիվերսանտները կարողանում են ներթափանցել մեր սահման, դա չի նշանակում, որ սահմանում վերահսկողությունը թույլ է:

Արթուր Եղիազարյանի համոզմամբ, այսօր Հայաստանում դիվերսիոն գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը բավարար է: Երբեմն մարդիկ դժգոհում են և նշում, որ չեն կարողանում անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ, թե ինչ է այսօր սահմանում կատարվում: Բանախոսը փաստում է, որ կան ռազմական գաղտնիքներ, որոնք պետք է հաշվի առնել: Այսօր մեզ տեղեկացնում են այնքան, որքանով որ հարկավոր է: