11-07-2014 16:37

Դիտորդական խմբերից ոստիկանությունը մարդկանց խոշտանգումների մասին տվյալները թաքցնում է

 


Ձերբակալված անձանց պահպանման վայրերում ՀՀ ոստիկանության կողմից հիմնադրված դիտորդական առաքելություն իրականացնող խմբի աշխատանքներին ՀՀ ոստիկանությունը արդեն վեց ամիս է խոչընդոտում է՝ թույլ չտրելով ՁՊՎ-ներում բացի գրանցամատյաններից ծանոթանալ նաեւ ձերբակալվածների անձնական գործերին: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանությունում ձերբակալված անձանց պահպանման վայրերում դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը:

«Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել հենց բանտարկյալների անձնական գործերի վերաբերյալ»,- ասաց Հասմիկ Սահակյանը:

Ըստ խմբի նախագահի՝ ոստիկանության աշխատակիցներն իրենցից թաքցնում են բանտարկյալների հարազատների կոնտակտային տվյալները, մարդկանց 72 ժամից ավելի ոստիկանությունում պահելու եւ խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները։

Խմբի անդամների խոսքով՝ նրանք 13 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ են ներկայացրել ՀՀ ոստիկանությանը, որը մերժվել է:

«Ձեր առաջարկները 2007 թվականից ի վեր ամեն տարի նույնն է: Մի քիչ ավելի առաջ քայլեք»,- նկատեց ՀՀ ոստիկանության շտաբի հերթակահ ծառայության վարչության պետի տեղակալ Արայիկ Առաքելյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը։

Դիտորդական խմբի անդամ Նելլի Հարությունյանն առանձնացրեց ոստիկանությանն արված առաջարկություններից ամենակարեւորը. «Անհրաժեշտության դեպքում դիտորդական խումբն իր գործունեության մեջ կարող է ներառել համապատասխան մասնագիտական ուղղվածություն ունեցող փորձագետներ՝ հոգեբաններ, բժիշկներ, իրավաբաններ, փաստաբաններ: Փաստաբաների ներգրավվածությունը շատ կարեւոր է, քանի որ նրանք կկարողանան առանց որեւէ խոչընդոտի այցելել ՁՊՎ-ներ եւ տալ իրենց մասնագիտական գնահատականը»:

Դիտորդական խմբի հիմնական մտահոգությունն այն է, որ խումբն իր գործունեությունը կարող է իրականացնել միայն ըստ ոստիկանության ցանկության:

«Խմբին բոլոր հնարավորությունները տրվել են, իսկ այն փաստաթղթերը, որոնք դիտորդական խմբին ուսումնասիրություն իրականացնել չի թույլատրվել, արվել են միայն օրենքի շրջանակում»,- ասաց ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ Մայիս Գրիգորյանը: