05-07-2014 13:36

Հայաստանը թշնամուն սթրեսի մեջ պահելու համար պետք է սահմանն ականապատի

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը և քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն անդրադառնալով դիվերսիոն հարձակումներին, նշեցին, որ մենք համարժեք պատասխան պետք է տանք ադրբեջանական կողմի շարունակական դարձած դիվերսիաներին և նույնիսկ շատ դեպքերում նախահարձակ լինենք:

Վովա Վարդանովն ասաց, որ սա ընդհանուր գործընթաց է, և մենք պետք է հնարավոր ռիսկերը գնահատենք:
՛՛Թուրքը միշտ էլ կրակելու է, սրիկայություն է անելու, առավել ևս, որ իրենք դեմոգրաֆիական խնդիր չունեն՛՛,- ասաց նա և ավելացրեց, որ այդ ամենի լուծումը տեսնում է մեր կողմից սարսափի գոտի ստեղծելով և նախահարձակ լինելով:

՛՛Տարիներ շարունակ մեր իշխանավորները մեզ խաբում են, հրադադարը պատերազմի ավարտ չէ՛՛,- ասաց քաղաքագետ՝ ավելացնելով, որ մեզ խաբել սկսել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հիշեցրեց, որ պատերազմում մենք ենք հաղթել, իսկ եթե թուրքը խաղաղություն է ցանկանում, պետք է հանձնվի:

Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, եթե քաղաքացիական հասարակությունը վերահսկի զինված ուժերը, դա կքանդի երկիրը: ՛՛Զինված ուժերում կան ռազմական գաղտնիքներ, իսկ դուք ցանկանում եք ամեն ինչ տեսնել և նկարել: Արևմտյան վնասաբեր գաղափարները պետք է վերացնել, ի դեպ, դա Եվրոպայում ևս չի աշխատում՛՛ ,- ասաց Սերգեյ Շաքարյանցը և ազգային անվտանգության խնդիր համարեց բանակում չծառայելը՝ ինչ-ինչ պատճառներով:
հարցին, թե ինչպես եք գնահատում միջազգային արձագանքը այդ դիվերսիաների վերաբերյալ և ինչ անելիք ունի այստեղ Հայաստանը, Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց.
՛՛Ես դժգոհում եմ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Մինսկի խմբի անդամների արտահայտությունից, ես չեմ հասկանում, թե ինչ են նրանք ասում, դա վերաբերում է նաև Ռուսաստանին: Այսօր նրանք կիրառում են նույն Խորհրդային Միության կոմկուսի տակտիկան՝ մեղադրելով և կոչ անելով երկու կողմերին էլ: Սխալվում են, եթե այդքան գրագետ մարդիկ են, թող երեք կողմին էլ կոչ անեն: Երկրորդ՝ էշ ձևանալը շատ հեշտ է, և ամերիկյան կողմին դա հաջողվում է՛՛: Նա հիշեցրեց, որ Արցախը կամ Հայաստանը հրադադարի խախտման գործողություն չեն նախաձեռնել, և մեր քայլերը եղել են՝ ի պատասխան նրանց գործողություններին: