15-09-2013 00:48

Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Գրող, լրագրող Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Մալաթիա քաղաքում: 7 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ,
որտեղ սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում: Այս մասին գրել է avproduction.am–ը։ 1978թ. ավարտել է Ստամբուլի պետական
համալսարանի կենսաբանության, 1987թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո, աշխատել է որպես լրագրող:

1996թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը,
դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև: Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի
պաշտոնական տեսակետին՝ ըստ որի՝ 1915թ. տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, բազմիցս
հալածվել է: 2005թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության: 2005թ. արժանացել է Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության
խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006թ.՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի
Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007թ.՝ հետմահու՝ ՀՀ նախագահի և այլ մրցանակների: Սպանվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ թերթի խմբագրատան
առաջ՝ թուրք ազգայնամոլի հրազենի գնդակից: Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում: «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով
հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքին: 2007թ. ստեղծվել է Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան
ժողովուրդներ» գիրքը: Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց:

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։

 

Աղբյուրը` lurer.com