Բավ է պառակտվել
16-01-2015 13:28

Հայկական իշխանությունների գործողությունները շիկացրել են իրավիճակը. Թևան Պողոսյան

Գյումրիում ընտանիքի սպանության արդյունքում ստեղծված իրավիճակին նպաստել են ոչ միայն ռուսաստանյան, այլ նաև հայկական կողմի գործողությունները, համարում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ անհասկանալի պատճառներով երկրի իշխանությունները հրաժարվել են սուգ հայտարարել զոհվածների հիշատակին, մինչդեռ այդ քայլը կմեղմացներ իրավիճակը, և հստակ քաղաքական մեսիջ կդառնար իշխանությունների կողմից՝ ուղղված սեփական քաղաքացիներին: 

«Օրինակ՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ 11 մարդ է զոհվել, ողջ Եվրոպայում սուգ է հայտարարվել: Ես գիտեմ, որ նմանատիպ քանակական համեմատություններ անելը սխալ է, այնուամենայնիվ անհրաժեշտ է նշել, որ 6 մարդը Հայաստանի համար շատ ավելի մեծ կորուստ է, քան 11 մարդը Ֆրանսիայի համար», - հայտարարել է Պողոսյանը:

Նա նշել է, որ իրավիճակը բարդացրել է նաև երկրի իշխանությունների անգործությունը առաջին օրերին: «Բնականաբար շատ լավ է, որ գլխավոր դատախազը մեկնել է Գյումրի, մի քանի անգամ դուրս է եկել մարդկանց մոտ, բացատրություն է տվել: Այդ ամենը լավ է և գովելի, սակայն բանն այն է, որ նա պետք է աներ այդ հենց առաջին, այլ ոչ թե երրորդ օրը», - ասել է նա: Պատգամավորը նշել է, որ այժմ իրավիճակը երկրում մեղմացնելու համար իշխանությունները, և, մասնավորապես, իրավապահ մարմինները պետք է մեծ ջանքեր գործադրեն:

«Անհրաժեշտ է ապահովել թափանցիկություն: Ամեն օր իրավապահ մարմինները պետք է տեղեկություններ հրապարակեն տվյալ քրեական գործի շրջանակներում քննության վերաբերյալ վստահության մակարդակը բարձրացնելու համար», - հայտարարել է նա: Պողոսյանի կարծիքով՝ հայկական իշխանությունների գործողությունները էլ ավելի են շիկացրել իրավիճակը, և արդյունքում ձևավորվել է մի իրավիճակ, երբ մի կողմ թողնելով գլխավոր մեղավորներին՝ հասարակությունը իր շարքերում է սկսել փնտրել թշնամիների: «Երեկ Շիրակի դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդը շատ տեղին է նկատել, որ ռուսները հանգիստ նստած են իրենց «խրճիթներում», մինչդեռ հայերը միմյանց վրաքար են նետում», - հավելել է Պողոսյանը: