Բավ է պառակտվել
09-05-2016 10:10

Մայիսի 9-ը՝ եռատոն հայության համար

Մայիսի 9-ն արդեն 24 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար: Անցյալ դարի 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992թ.-ին Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:

1941 թվականից մինչև 1945 թվականի մայիսին հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում` մոտեցնելով հաղթանակը: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 000 հազար հայ, կազմվել են 6 հայկական դիվիզիաներ, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհայտ կորել է:

Հայաստանը պատերազմի տարիներին տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով: Ի դեպ, հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը, ծագումով արցախցի են:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման են արժանացել հայ ժողովրդի 99 զավակներ (այդ թվում՝ 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։
Ուղիղ 24 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները լիաովին ազատագրեցին բեդաքաղաք Շուշին, որը համարվում է բեկումնային ղարաբաղյան պատերազմում: Ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:

Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողություններն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո:

Շուշիի ազատագրման օպերացիան ստացել էր «Հարսանիք լեռներում» անվանումը, որը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն անիրագործելի էր համարել Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակ պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 9-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է մեծ շուքով: Հաղթանակի տոնի 71-րդ, ԼՂՀ ՊԲ-ի և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին նվիրված տարբեր միջոցառումներ են ծրագրված: