Բավ է պառակտվել
03-04-2016 14:32

Առաջնագիծ են մեկնում նաև կանայք ու նոր զորացրվածները

ԵԿՄ գրասենյակի մոտ հանդիպեցինք նոր զորացրված երիտասարդների, ովքեր մեծ պատրաստակամությամբ կրկին մեկնում են զորամասեր։ Նրանց առաջնորդում են Արցախյան ազատամարտում կռված քաջերը։ Շատերն էլ հենց այս պահին են եկել անդամագրվելու ԵԿՄ, որպեսզի արագ մեկնեն առաջնագիծ։ Այս իրավիճակում զարմանալի չէ, որ նրանց շարքերում կան նաև երիտասարդ աղջիկներ։ Սակայն նրանցից թույլատրվել է առայժմ մեկնել միայն բուժքույրերին։ Մեկնողներին ճանապարհող գեներալներից մեկը հպարտ կեցվածքով հայտնեց.
«Բաքուն դեռ մեզանից զինադադար է խնդրելու։ Այդ զինադադարն ուրիշ տեղ կլինի»։
Քաջերին յուրովի ճանապարհում էր նաև գրասենյակում 20 տարի աշխատող կինը։ Նա կազմ ու պատրաստ կանգնած ջուր էր ցողում առաջ շարժվող ավտոբուսների հետևից։
«Ուզում եմ, որ մեր կանայք չոր աչքերով դիմավորեն իրենց որդիներին։ Մենք ամեն օր աղոթելու ենք մատուռներում, մինչև առաջնագիծ մեկնող տղաները ողջ ու առողջ վերադառնան։ Չեք պատկերացնի` ինչ խիզախ տղաներ ունենք։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց տիկին Ժաննան։
Իսկ ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ մեկնողները բազմահազար են։
«Շարքերն ինքնաբուխ կերպով սկսեցին դիմումներ ներկայացնել` խնդրելով իրենց որպես կամավորական հաշվառել և գործուղել առաջնագիծ համապատասխան հանձնարարությամբ։ Հազարավոր երկրապահներ ցուցակագրված են ու խումբ-խումբ մեկնում են»,-ասաց Վարդան Վարդանյանը։
Մեկնողների թիվն ավելի ու ավելի է ստվարանում։