Բավ է պառակտվել
08-10-2017 11:58

Հայաստանում առաջին անգամ նշել են Սպարապետի օրը (Լուսանկարներ)

  

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, ով նախօրեին պաշտոնական այցով մեկնել էր Սյունիքի մարզ, մասնակցություն է ունեցել Հանրապետությունում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին, այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Միջոցառումների շրջանակներում նախագահն այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել տոնի առթիվ կազմակերպված գալա համերգին:
Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներն ուղեկցվել են ժողովրդական տոնախմբությամբ, երգ ու պարով, տարատեսակ ավանդական սպորտային մրցույթներով:

   
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Գորիսում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարան: Նախագահին հայտնել են, որ 2012-2014 թվականների ընթացքում թանգարանում կատարվել են նորոգման աշխատանքներ, բարեկարգվել է ցուցասրահը, ամբողջովին փոխվել են շարժական ցուցադրական վահանակները, ցուցափեղկերը, ավելացվել է ցուցադրանմուշների քանակը:
Գորիսում նախագահը ծանոթացել է նաև վերանորոգված համանուն հյուրանոցի պայմանների հետ:
Մխիթար Սպարապետը՝ Հայաստանի ազգային հերոս է: 1722-1725թթ. հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Դավիթ Բեկը Մխիթար Սպարապետի աջակցությամբ գլխավորել է Իրանի դեմ Սյունիքի և Արցախի հայերի զինված ապստամբությունը, որը հանգեցրեց Արևելյան Հայաստանից պարսիկների գրեթի լիովին վտարմանը: Դավիթ Բեկի մահից հետո Մխիթար Սպարապետն անձամբ է գլխավորել Սյունիքի ազատագրական շարժումը:
Որոշ տվյալների համաձայն, նա Կապանի հայ իշխան է ընտրվել: Հալիձորում և Մեղրիում կազմակերպել է օսմանյան զորքի դեմ հերոսական պաշպանություն և հակահարձակում: Դավադրաբար սպանվել է: Հուղարկավորված է Հալիձորում: