Բավ է պառակտվել
19-04-2014 13:49

՛՛Դեմ եմ՛՛-ը խոստանում է պայքարը շարունակել ու չհավատալ խոստումների

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնող խմբի անդամ Արդեն Մանուկյանը նշեց, որ այսօր երկրում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ խոստումները հավատ չեն ներշնչում, միայն քայլերին է հասարակությունը հավատում: ՛՛Մինչև ես, գործատուները, մեզ վրա չզգանք, որ մի բան փոխվել է, խոստումների, վստահության մասին վաղ է խոսել:,-նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ, ապրիլի 18-ին, նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել նախագահական նստավայրի առաջ: Ակցիայի մասնակիցների պահանջն էր երկրի նախագահից. ՛՛Եկել ենք պահանջելու հետևել Սահմանադրությանը, քանի որ նա Սահմանադրության թիվ մեկ երաշխավորն է ու պետք է հետևի կառավարության ու օրենսդիր մարմնի գործունեությանը, չթողնի ոտնահարել Սահմանադրությունը: Նա պետք է պահանջի օրենսդիրից օր առաջ կասեցնել հակասահմանադրական համակարգով պահվող գումարների համակարգը»: Նրանց մոտեցել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարել էր, որ պատրաստ է կառուցողական երկխոսության: Նա նաև ասել է. «Մենք այսօր ստացել ենք ձեր առաջարկները, հիմա քննարկում ենք: Չգիտեմ արդյոք վաղը կարո՞ղ ենք պատասխան տալ, որովհետև բոլոր հարցերը ֆինանսական հետևանքներ ու իրավական հարցրեր են պարունակում: Մեզ ժամանակ է հարկավոր, բայց որ քայլեր են արվելու, հավատացեք, խնդրում եմ: Ժամանակ տվեք՛՛:

Արսեն Մանուկյանն ասաց, որ նախորդ կառավարությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել էր, իսկ նոր ձևավորվող կառավարությունը 180 աստիճանով փոխված տեսակետ է հայտնում, բայց եթե ուզում են մի բան փոխել, պետք է դա անեն կոնկրետ քայլերով, ոչ թե խոստումներով:

Նախաձեռնության մյուս անդամ Դավիթ Մանուկյանն էլ ասաց, որ մինչև իրենց կողմից առաջ քաշվող պահանջները՝ այն է՝ ի կատար ածել Սահմանադրական դատարանի որոշումը, իրենք չեն մասնակցելու նոր մշակվող օրենքի գործընթացին:

՛՛Նախ թող բավարարեր մեր պահանջները, դրանից հետո պատրաստ ենք համատեղ մշակել նոր օրենք՛՛,- ասաց նա:

«Դ!եմ եմ» շարժման նախաձեռնության անդամները նաև ասացին, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը, չեն սպասելու՝ արդյոք խոստումներն ի կատար կածվեն, թե ոչ, իսկ եթե կառավարությունը ցանկանում է լավ քայլ անել, պետք է օր առաջ ռեալ քայլեր կատարի: Շարժման անդամ հաշվապահ Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ պատրաստ են հետևողական հետևել, քանի որ հստակ քայլեր են իրենց պետք. «Խոստումների, լուրերի չենք հավատում»: