05-03-2014 14:23

Կենսաթոշակային նոր համակարգը բացահայտ ճնշում է մարդկանց նկատմամբ. ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնություն

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ ծավալված կրքերը դեռևս չեն մարում: Պետությունը որոշում է թե ինչպես են կիրառվելու պարտադիր վճարները, անգամ պատժամիջոցներ են սահմանվում, իսկ ահա ակտիվիստները շարունակում են իրենց համառ պայքարը:
Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ Ֆինանսների նախարարության կողմից տարբեր գործատուների և հաշվապահների նկատմամբ կատարվող ճնշումների և ֆոնդերի կառավարիչներ ընտրելու պահանջի դեմ են ելնելու: Ֆինանսների նախարարը հայտարարություն է անում և ասում է, որ պետք է վճարումները կատարվեն միջանկյալ ֆոնդեր, այլապես պատժամիջոցներ կկիրառվեն: Նման հայտարարություններն ու պահանջները նախարարի լիազորություններից դուրս են:

Նախաձեռնող խմբի մյուս անդամ Հարութ Աղլամազյանը ֆիննախարարի այդ հայտարարությունը համարում է բացահայտ ճնշում մարդկանց վրա:
«Գորածտուներից պահանջում ենք, որ չխախտեն օրենքը ու չփոխանցեն գումարները»,- նշեց նա:
Մանուկ Զաքարյանն էլ հավելեց, աշխատակիցները ֆոնդեր չեն ընտրել:
Ֆինանսների նախարարությունը պետք է հայտարարի, որ այն քաղաքացիները, ովքեր չեն ընտրել կառավարիչներ ու ֆոնդեր, կարող են հետ ստանալ իրենց գումարները, արդեն կոնկրետ ֆոնդեր ընտրելու ճնշումներ են կատարվում:
Նա ընդգծեց, որ նույնիսկ, եթե գործատուն պահումներ է կատարել, աշխատակիցները կարող են ֆոնդեր չընտրել, մինչև վերջնական որոշումը:
Նախաձեռնության ակտիվիստները նշեցին, որ պետական կառույցներում են ճնշումներ արվում: Նրանք կոչ արեցին չնստել տանը, պայքարել ու միանալ շարժմանը և ավելացրեցին. «Եթե Սահմանադրական դատարանը չկատարի ժողովրդի պահանջը և խախտի մարդու իրավքունքները, հանրայյին ցնցումների պատասխանատվությունը Բարձրագույն դատարանինը կլինի: Իշխանությունը ժողովրդինն է»: