Բավ է պառակտվել
31-05-2014 13:06

՛՛Դեմ եմ՛՛-ը կհորդորի համաքաղաքացիներին գրավոր հրաժարվել կուտակային համակարգից

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ մայիսի 31-ին իրազեկման ակցիա կանցկացնի Երեւանի կենտրոնում՝ այս կերպ մարդկանց հորդորելով դիմումներ գրել իրենց գործատուներին եւ պահանջել չգանձել 5 տոկոս պարտադիր վճարը: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

«Մեր համաքաղաքացիներին տեղեկացնենք կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված մեր միասնական հաղթանակներից եւս մեկի, բայց ոչ վերջինի մասին եւ դիմումների ձեւերը բաժանենք, որպեսզի նրանք եւս դիմումներ գրեն իրենց գործատուներին, որպեսզի պահումներ չանեն իրենց աշխատավարձից»,- ասվում է հայտարարության մեջ:

Ակցիայի մասնակիցները ժամը 18:00-ից հավաքվելու են Մատենադարանի մոտ:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Հիշեցնենք` մայիսի 15-ին խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակումներին, որոնք կուտակային կենսաթոշակային մասհանումները կամավոր են դարձնում` մինչեւ կենսաթոշակային բարեփոխման վերջնական ճակատագիրը որոշող նոր կառավարական օրինագիծը կներկայացվի: Մայիսի 29-ից քաղաքացիները սկսել են դիմումներ ուղարկել իրենց գործատուներին: