21-03-2014 12:21

՛՛Դեմ եմ՛՛-ը դեմ է ու թույլ չի տա, որ իրենց քաշեն այս ու այն կողմ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշել է, որ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը դեմ է, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերն իրենց ասեն` ոնց անեն, ում հրավիրեն հանրահավաքի եւ այլն:  «Դեմ եմ»-ն այս պահին դեմ է, որ չորս ուժերը միանան իրենց, առավել եւս դեմ են, որ իրենց ուղղություն տան: Այս պահին այս շարժումն ամենաակտիվ հասարակական շարժումն է, դրա համար յուրաքանչյուրը ցանկանում է քաշել իր կողմը»,- ասաց նա: Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի` երիտասարդներին երկխոսության հրավիրելու հայտարարությանը, Կարեն Քոչարյանը հավելեց, թե Կառավարությունն էլ է հասկանում, որ եթե «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը դառնա քաղաքական, վատ կլինի իրենց համար, դրա համար պայքար է գնում: Աշխարհում բոլոր մեծ հեղափոխությունները սկսել են հենց երիտասարդները, նշել է քաղտեխնոլոգը: Նշենք, որ մարտի 22-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել է մեծ հավաք-երթ, որին մասնակցելու են նաեւ ԱԺ չորս ոչ խորհրդարանական ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը: Մինչեւ այդ` մարտի 18-ին կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ»-ի երիտասարդներին հրավիրել էր երկխոսության: