Բավ է պառակտվել
11-04-2014 15:04

՛՛Դեմ եմ՛՛-ի հակահարված-պատասխանը ՀՀ Դատախազությանը

՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որով պատասխանում է ՀՀ Դատախազությանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Դատախազությունը սպառնացել էր նախաձեռնության անդամներին, թե ակցիայի ժամանակ ճանապարհները փակելը քրեորեն պատժելի արարք է: ՛՛Սպառնալիքներով և բռնի ուժով չփորձեք սահմանափակել ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաք անցկացնելու մեր իրավունքները, որոնք երաշխավորված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաև միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից: Ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է:
Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:
՛՛Դ!ԵՄ ԵՄ՛՛-ը հիշեցնում է, որ օրինական հավաքների անցկացնելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է համարվում: ՛՛Վստահ ենք, որ ակնառու գործերի պակաս չկա հանրապետությունում, որոնցով ՀՀ գլխավոր դատախազությունն իսկապես պիտի զբաղվի՝ չինովնիկների գույքի հայտարարագրերի բովանդակությունները, նախարարների կանանց միլիոնատեր լինելու հանգամանքները, ՀՀ-ի կուտակած 300 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ գազի պարտքը, Որոտանի, Նաիրիտի թալանը և այլն (ցանկը կարելի է անվերջ թվարկել): Գլխավոր դատախազությանը կոչ ենք անում մասնավորապես ուսումնասիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական հոդվածների ուժով ապօրինի դրամահավաքի բուն նպատակները, փողերի շարժը ու բացահայտել իրական «շահառուներին», ինչպես նաև 10 տարվա ընթացքում մատնանշված օրենքի վրա պետական միջոցների անհարկի ու անարդյունավետ վատնման վտանգի հարցը՛՛: