Բավ է պառակտվել
09-07-2016 08:24

Պերմյակովի գործով. պաշտպանը պահանջել է դատավորի ինքնաբացարկը

Հուլիսի 8–ի դատական նիստը բացառություն չէր, ավելին, ուղիղ 35 րոպե ուշացումով սկսված դատական նիստի մեկնարկին Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին ներկայացրեց դատավոր Հարություն Մովսիսյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածը և այն հանգամանքը, որ դատավորը կաշկանդված է:

«Դատավորն ակնհայտորեն կաշկանդված է։ Նախորդ դատական նիստին ընդունած քաղհայցն ընդդեմ ՌԴ-ի հաջորդ նիստին՝ 1 ամիս անց, հրաժարվեց ընդունել, ավելին, առաջին նիստին ոչ միայն ընդունել էր քաղհայցը, այլև հայցվոր ճանաչել ՌԴ-ն, թարգմանել տվել քաղհայցը, բայց դատարանից դուրս՝ ոչ խորհրդակցական սենյակում, չգիտես` որտեղ ընդունում է որոշում այդ նույն հայցը մերժելու մասին, ինչը կատարյալ խախտում է»,-նշում է Լուսինե Սահակյանը:

Միջնորդությանը միացան Ավետիսյանների իրավահաջորդների շահերի մյուս պաշտպաններն ու Ավետիսյանների իրավահաջորդները, իսկ դատախազ Գևորգ Գևորգյանն առարկեց միջնորդությանը, դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ ձեռնպահ մնաց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին:

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։