Բավ է պառակտվել
08-07-2015 11:19

Ցուցարարները փակել են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը (լուսանկարներ)

Քիչ առաջ Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչները փակեցին Տիգրան Մեծ փողոցի՝ դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածը՝ կառավարությունից պահանջելով իրենց փոխհատուցում տալ:  Ոստիկանության աշխատակիցները կարողացան բողոքավորներին մայթ բերել: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցեց ցուցարարների հետ՝ համոզելով կառավարության շենքի մոտ գալ, որպեսզի երթևեկությունը չխաթարվի:

Բնակիչները նրան ասացին, որ ոստիկանների հետ խնդիր չունեն, իրենց պահանջը մեկն է՝ հանդիպել վարչապետի հետ: Ֆիրդուս-Ալավերդյան խաչմերուկի հատվածի Ֆիրդուսի նախկին բնակիչներն ասացին, 10 տարի անտուն են, ապրում են վարձով, անորոշության մեջ: Նրանք խնդրեցին կամ վարչապետն իջնի իրենց հետ հանդիպման, կամ էլ՝ իրենց ընդունի. «Այսպես շարունակելն անհնար է»:

Օսիպյանն ասաց, ամեն ինչ կանի՝ նրանց պահանջները բավարարելու համար: Իսկ մինչ այդ խնդրեց չխաթարել փողոցի երթևեկությունը: