Բավ է պառակտվել
09-11-2017 14:07

Ուսանողները բողոքում են ԵՊՀ շենքի դիմաց՝ բանակից տարեկետման իրավունքի չեղարկման դեմ

Երևանում ուսանողներն արդեն մի քանի օր է ինչ բողոքի ակցիա են իրականացնում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով նախատեսված բանակից տարկետման իրավունքի չեղարկման դեմ:
Օրինագծի համաձայն նախատեսվում է սահմանափակել տարկետման իրավունքը՝ բուհերում պետպատվերով սովորող ուսանողների համար։ Հոկտեմբերի 27–ին Հայաստանի ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց այն։ Օրինագիծը հասարակական դժգոհության բուռն ալիքի պատճառ է դարձել:
Հինգշաբթի օրը, ուսանողներն իրենց բողոքի ակցիան անց էին կացնում ԵՊՀ շենքի դիմաց: « Հանուն գիտության զարգացման» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ իրենց պահանջները չեն փոխվել, և որ իրենք հանդես են գալիս զինծառայությունից տարեկետման իրավունքի չեղարկման դեմ:
Նոր օրինագծի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրամադրվի միայն այն ուսանողներին, ովքեր պաշտպանության նախարարության հետ կկնքեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացու ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին: Ընդ որում, ծառայության ժամկետն այս պարագայում կլինի երեք տարի՝ ի տարբերություն սովորական երկուսի: