Տարեվերջին CNN լրատվական հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում: Այս մասին տեղեկացնում է BBC –ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով հեռուստաալիքի սեփականատեր Turner International ընկերությանը: «Turner International-ը դիտարկում է Ռուսաստանում CNN-ի տարածման այլընտրանքային հնարավորություններ՝ ՌԴ օրենսդրությունում վերջին փոփոխությունների կապակցությամբ», - ասվում է ընկերության հայտարարությունում: Turner International –ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ժամանակի հետ հեռուստաալիքին կհաջողվի վերադառնալ ռուսական շուկա: Ըստ ընկերության հայտարարության՝ CNN-ի Մոսկվայի բյուրոյի գործունեության վրա այդ քայլը չի ազդի: Աղբյուրը նշում է, որ վերջերս ռուսական իշխանությունները հաճախ են դժգոհում անկախ լրատվամիջոցների աշխատանքից, հիմնականում՝ միջազգային, կապված Ուկրաինայում իրադարձությունների լուսաբանման հետ: Մամուլի վերահսկողության ոլորտի ռուսական գերատեսչությունը հայտարարել է, որ կապ չունի CNN-ի հեռարձակումը դադարեցնելու հետ: СNN-ը Ռուսաստանում հեռարձակվում է 1990-ականների սկզբից: Վերջին տարիներին CNN-ը հեռարձակում են միայն մալուխային ցանցերը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 15-ին օրենք է ստորագրել, որը ռուսական լրատվամիջոցներում արտասահմանյան կապիտալի մասնաբաժինը սահմանափակում է մինչև 20%-ի:
Բավ է պառակտվել