Բավ է պառակտվել
30-03-2016 12:38

Վարդանյանի հանցախումբը պետական հեղաշրջում էր նախապատրաստում.ԱԱԾ

Վարդանյանի հանցախմբի նպատակը պետական հեղաշրջում իրականացնելն էր, ասաց ԱԱԾ ՔՎ պետի տեղակալ, Արթուր Վարդանյանի գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը։
Կազմակերպված հանցախումբը, որը նպատակ ուներ երկրի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել, վնասազերծվել էր 2015 թվականի նոյեմբերի 25-ին։ Հանցագործ խմբի ղեկավարը Հայաստանի քաղաքացի Արթուր Վարդանյանն է, ով երկար տարիներ ապրել է արտերկրում։
«Հայտնաբերվել է Արթուր Վարդանյանի տեսաուղերձը, որը պետք է հրապարակվեր պետական հեղաշրջում իրականացնելուց հետո։ Տեսագրության սկզբում նա հայտարարում է, որ իրենք զենքի կիրառմամբ իրենց նախաձեռնությունն իրականացրել են հանուն անկախության պայքարող մի շարք զինյալների հետ»,- ասաց Համբաձումյանը։
Համբարձումյանը ներկայացրեց Ծաղկաբերդ գյուղում արված խմբի անդամների զինվորական համազգեստով լուսանկարները` հայտնելով, որ լուսանկարում պատկերված բոլոր անձինք ձերբակալված են։ Բացի այդ նա ներկայացրեց մի լուսանկար, որտեղ պատկերված է առգրավված զենքը, ինչպես նաև ոստիկանական համազգեստ, որը հայտնաբերվել է հանցախմբի մոտ։ Նրա խոսքով` բոլոր մարդիկ, ովքեր հանցախմբին տրամադրել և վաճառել են զենք, հայտնաբերվել են և անցնում են գործով։ Նա հայտնեց, որ զենքի մեծ մասը մնացել է դեռ Ղարաբաղյան պատերազմից։ Հայտնաբերվել են նաև հեռախոսներն ու այլ կապի միջոցները, որոնցով հանցախմբի անդամները շփվել են միմյանց հետ, ինչպես նաև Երևանի քարտեզը, որտեղ նշված էին հարձակման թիրախները։ Ցուցակում նշված էին ԱԺ-ն, նախագահի նստավայրը, Սահմանադրական դատարանն ու Հանրային հեռուստաընկերությունը։ Մի թղթի վրա նշված էին նաև հանցախմբի անդամների անունները։  Խումբն ուսումնասիրել և տեղեկատվություն էր հավաքել համապատասխան շենքերի տեսագրող սարքերի, ելքերի և մուտքերի, անվտանգության վերաբերյալ։ ԱԱԾ աշխատակիցները գտել են նաև տարբեր տեղեկատվություն 147 քաղաքական գործիչների, նրանց բնակության վայրի, կենսագրության մասին։ Զինված հանցախմբի անդամները լուսանկարել էին նաև Հայաստանի առաջին նախագահի տունն ու երկրորդ նախագահի գրասենյակը։ Նրանք հետաքրքրվել են գործող նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատանքի մեթոդով։ Նրա խոսքով` առգրավվել է նաև անգլերեն մի նամակ, որը պետք է ուղղվեր Հայաստանում գործող բոլոր դեսպանատներ` հրավիրելով նրանց մասնակցելու հեղաշրջման հաջորդ օրը կազմակերպվող հանդիպմանն` իրավիճակը պարզաբանելու համար։ Նա նշեց, որ հանցախմբի առանձին անդամներ առաջարկում էին հարձակում իրականացնել նախագահի վրա, սակայն ինքը` Վարդանյանը, հրաժարվեց այդ առաջարկից ու որպես թիրախ` ընտրեց պետական կառույցները։ Խումբը սկսել է ձևավորվել 2015 թվականի մայիսից, իսկ հարձակումը նախատեսվում էր իրականացնել նույն թվականի ԱԺ նոյեմբերյան նստաշրջանից հետո։ Պարզվել է նաև հանցախումբը ֆինանսավորող անձը, որին մեղադրանք է առաջադրվել։ Ֆինանսավորման գումարը կազմում էր 65 հազար դոլար։ Համբարձումյանն ասաց, որ ֆինանսավորող անձը բնակվում է Հայաստանում` չմեկնաբանելով, թե արդյո՞ք նա այս պահին գտնվում է կալանքի տակ։ Ներկա պահին մեղադրանք է առաջադրվել 33 անձի, նրանցից 25-ը կալանավորված է։ Մյուսները նախաքննության ընթացքում ազատ են արձակվել։ Համբարձումյանն անդրադարձավ նաև այս գործում Հայաստանի ՊՆ նախկին փոխնախարարի դերին։ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը և «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը գործի քննության ընթացքում ձերբակալվել էին։ «Վահան Շիրխանյանը դեռևս մայիսին շփում ուներ հանցախմբի ղեկավարի հետ, որից հետո հանցախմբի նախապատրաստման գործընթացում իր դերն է ունեցել», — ասաց Համբարձումյանը։