06-03-2014 13:21

Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությունը հետևյալ հայտարարությունն է տարածել.

Օրեր առաջ ինքնասպանություն գործեց 18-ամյա Սյուզի Քոչարյանը՝ ցմահ դատապարտյալ, 19 տարի բանտում գտնվող, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի դուստրը՝ չդիմանալով կյանքի հարվածներին. Մայրը մահացել էր, հայրը՝ կողքին չէր ծնված օրվանից: Կործանվեց մի ամբողջ հայ ընտանիք: Ցավում ենք անդառնալի կորստի համար: Սյուզիի հուսահատ քայլը ևս մեկ ահազանգ է, որ անհրաժեշտ է հրատապ լուծում գտնել տարիներով կուտակված այս խնդիրներին: Տարիներ շարունակ դատապարտյալների այս խումբը բարձրացնում է գործերի, պատժաչափերի վերանայման, օրենսդրական մեխանիզմների մշակման անհրաժեշտության մասին: Տարեց տարի նրանց թիվը նվազում է. մահանում են տարբեր հիվանդություններից, ինքնասպանվում, ստանում հոգեկան շեղումներ: Պատժի նպատակն իսպառ վերանում է: Համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների գործերի ուսումնասիրմամբ, օրենսդրական մեխանիզմներ մշակելով և գործերի, պատժաչափերի վերանայմամբ հնարավոր կլինի մեղմել Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրը, որը բարձրաձայնվում է տասնյակ տարիներ: